Պարզվում է՝ Կապանի օդանավակայանի մոտ, Սյունիք գյուղի տարածքում ճանապարհի մի հատված կա, որը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա և դիտարկվում է թշնամու կողմից։ Հայ վարորդները, բնականաբար, միշտ փորձում են շատ արագ անցնել այդ ճանապարհահատվածը, բայց թարսի պես՝ հենց այդ հատվածում արագաչափ կա․․․
Էն ո՞վ էր ասում, թե հայ-ադրբեջանական տնտեսական համագործակցությունը տեսանելի ապագայում բացառված է։ Խնդրեմ․ Ադրբեջանի տարածքից օրը մի քանի անգամ օդ են կրակում, և ամեն անգամ Հայաստանի բյուջեն համալրվում է տասնյակ վարորդների վճարած տուգանքներով։ Սա, իհարկե, չի նշանակում, թե «կողմերի միջև համագործակցության հուշագիր» կա, հայկական կողմը պարտավորվել է, ասենք, տուգանքների 30 տոկոսը վճարել ադրբեջանցիներին, և այլն։ Բայց փաստը մնում է փաստ՝ սահմանային լարվածությունը փող է բերում։
Իսկ եթե Հայաստանի իշխանությունները ոչ մտադիր են հանել այդ արագաչափը, ոչ էլ ուզում են նման մեղադրանքների արժանանալ, կարող են շատ լավ տարբերակ ընտրել և կոնկրետ այդ արագաչափի գրանցած խախտումների տուգանքներով Կապանի օդանավակայանի մոտ «խաղաղության դարաշրջանի» արձան կանգնեցնել։