...

Աշխարհը փոքրերի «շուստրիությունները» չի հանդուրժում

Աշխարհը փոքրերի «շուստրիությունները» չի հանդուրժում

Քաղաքականության մեջ ամենամեծ սխալը համարվում է ի սկզբանե անիրականանալի նպատակներ հետապնդելն ու ամեն գնով դրանց ձգտելը։ Սա առաջին հերթին վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ընդ որում՝ այդ դեպքում ավելի հաճախ օգտագործվում է ոչ թե «սխալ», այլ «հիմարություն» արտահայտությունը։ Վերջին 25 տարիներին մենք մեզ հենց այդպես էլ պահել ենք՝ բացահայտորեն արհամարհելով միջազգային հանրությանն ու աշխարհում ընդունված խաղի կանոնները և հույս ունենալով, թե հնարավոր կլինի միայն մեզ հատուկ «շուստրիությամբ» շրջանցել դրանք ու հասնել մեր նպատակներին։

Լինում է, չէ՞, որ, ասենք, խանութում, բանկում կամ փոստատանը մարդիկ հանգիստ հերթ կանգնած են լինում, ու ինչ-որ մեկը՝ անթրաշ, ծուռ բերանով, չինական «սպարտիվկով» ու չստիկներով, գալիս ու փորձում է առանց հերթ խցկվել։ Նրան, բնականաբար, թույլ չեն տալիս, հանգիստ բացատրում են, որ պետք է հարգել ընդունված կանոնները և հերթ կանգնել, բայց նա սկսում է հերթով փորձել «շուստրիության» բոլոր մեթոդները՝ «տո դուք գիտե՞ք՝ ես ում մոտիկն եմ», «ախպերըս, վռազ եմ, էլի», «էրեխեն տունը մենակ ա», «հիվանդ եմ, էլի, մի քիչ լավ չեմ զգում» և այլն, ու տեսնելով, որ միևնույն է՝ ոչինչ չի ստացվում, վերջում այնուամենայնիվ որոշում է «նոր կետից սկսել», խցկվում է ու հայտարարում՝ «ես կանգնելու եմ ստեղ, և վերջ»։ Բնականաբար՝ բոլորին զզվեցնելու արդյունքում ձևավորվում է կոնսենսուս, նրան մի երկու թաթալոշ են տալիս ու վերջնականապես վռնդում, իսկ նա, թուշը բռնած, նայում է չորսբոլորը՝ «չջոգիմ, ախպեր, էս ո՞նց ըլավ»։

Հիմա Հայաստանը մոտավորապես այդ վիճակում է։ Ի սկզբանե խաղի միջազգային կանոնները հարգելը մեզանում գնահատվել է որպես «լավ տղուն» անհարիր «հարիֆություն», ու ամբողջ 25 տարի շարունակ ներքաղաքական բանավեճը եղել է այն հարցի շուրջ, թե «շուստրիության» հատկապես ո՞ր տարբերակը պետք է կիրառել։ Մեկը համարում էր, որ մեր դեպքում աշխարհը պիտի բացառություն անի, որովհետև հարյուր տարի առաջ մեզ կոտորել են, մյուսը Վիլսոնի քարտեզն էր մեջտեղ բերում, մի ուրիշը՝ Տիգրան Մեծի Հայաստանի քարտեզը, ուրիշները համարում էին, որ պետք է ռուսներին համոզել, որ պատմական Հայաստանը գրավելն ու մեզ տալն իրենց շահերից է բխում, որովհետև Սովետական բանակում էսքան ու էսքան մարշալ ու գեներալ ունեինք․․․ Այդ ընթացքում մեզ անընդհատ բացատրում էին, որ աշխարհում ընդունված խաղի կանոնները փոքր երկրների համար բացառություններ չեն հանդուրժում, ու «շուստրիությունը» չի օգնելու, բայց լսողն ո՞վ էր։ Արդյունքը՝ կոնսենսուս և թաթալոշ։ 

Բայց ամենամեծ պրոբլեմն այն է, որ անգամ այսքանից հետո են Հայաստանի իշխանություններն իրենց առջև անիրականանալի խնդիրներ դնում։ Հասկանալի է, չէ՞, թե ինչ է փորձում անել Նիկոլ Փաշինյանը։ Փորձում է դուրս պրծնել Ռուսաստանի ճանկերից, և ռուսական գրկում խեղդվելով՝ ձեռքը մեկնում է Թուրքիային։ Բայց սա աստվածաշնչյան առակը չէ, որտեղ երկու կանայք վիճում են երեխայի համար, Սողոմոնը հրամայում է կիսել երեխային, ու հարազատ մայրը հրաժարվում է՝ երեխայի կյանքը փրկելու համար։ Մեր դեպքում երկու կանանցից ոչ մեկը հարազատ չէ, ու երկուսն էլ առանց աչք թարթելու համաձայնվելու են մեջտեղից պատռել «երեխային»։ Այսինքն, նպատակը, համենայն դեպս՝ տեսանելի ապագայում, անիրականանալի է և միայն նորանոր աղետներ է բերելու Հայաստանին։ 

Իսկ ընդդիմությունն անհամբեր սպասում է, թե երբ է «պողպատե մանդատով» ևս մեկ անգամ «սխալվելու վճռականություն» ձեռք բերած Փաշինյանը գործելու երկրորդ սխալը, որպեսզի իրենք «կրկին փորձեն»։ Առաջին «վճռականությամբ» Արցախը կորցրեց՝ իշխանափոխությունը չստացվեց, գուցե Սյունիքի ու Տավուշի դեպքո՞ւմ ստացվի։ Այ այդ դեպքում իրենք կգան ու «շուստրիության» նոր հնարքներ կփորձեն։

Իսկ աշխարհում ընդունված խաղի կանոններին հետևելու գաղափարը Հայաստանում պահանջարկ չունի։ Տո ի՞նչ կանոններ, դուք գիտե՞ք՝ մենք ով ենք, մենք որ թատրոն ունեինք․․․

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2645 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ