...

Ասիական երթևեկություն, եվրոպական արագություն

Ասիական երթևեկություն, եվրոպական արագություն

Ճանապարհային ոստիկանությունը հայտնել է. «Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60կմ/ժ-ից ավել է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60կմ/ժ:

Այդ ճանապարհահատվածներն են՝
1.Իսակովի պողոտա
2.Թբիլիսյան խճուղի
3.Մոնթե Մելքոնյան փողոց
4 Աճառյան փողոց
5. Դավիթ-Բեկի փողոց
6. Մյասնիկյան պողոտա
7. Սարալանջի պողոտա
8. Աշտարակի խճուղի

Այսպիով՝ նշված փոփոխությամբ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60կմ/ժ»:

Ողջունելի է, իհարկե, որ ՃՈ-ն այսպես մտահոգված է ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխմամբ: Բայց այնքան էլ լավ չեն մտահոգ: Մենք ավելի լավ առաջարկ ունենք: 

Առաջարկում ենք նշված ճանապարհահատվածներում առավելագույն արագություն սահմանել 30 կմ/ժամը: Հաստատ կքչանան պատահարները:

Իսկ Երևանի մեջ մաքսիմալ արագությունը դարձնել 10 կմ/ժ: Ու հարցը միանգամից կլուծվի: Ոչ մի պատահար չի լինի: Բոլորը գոհ ու երջանիկ կլինեն:

Միայն թե նման որոշում կայացնողներին մի հարց տանք. իսկ մտածե՞լ եք, որ սրա արդյունքում առանց այդ էլ գերծանրաբեռնված ճանապարհներին կիլոմետրանոց ինչ խցանումներ են առաջանալու: Միանգամից մի պատասխանեք, հենց որ ճանապարհներին երթևեկությունը կաթվածահար լինի, ձեն կտաք:

Եվրոպական գրեթե բոլոր երկրներում քաղաքային երթևեկության առավելագույն արագություն է սահմանված 50 կմ/ժ-ը: Բայց այնտեղ գոյություն ունի լոգիստիկա հասկացություն. իրար հետ փոխկապակցված ծրագրերի համադրություն: Եթե երթևեկության արագության նվազեցում է տեղի ունենում, նշանակում է, դրա հետ մեկտեղ պետք է ճանապարհները շատ լինեն, բանուկ լինեն, խցանումների խնդիր չառաջանա, կայանման պրոբլեմ չլինի:

Այս հարցերը լուծված ե՞ն՝ ոչ: Ուղղակի, հենց այնպես արագության շեմը նվազեցնելով, նոր խնդիրներ ենք ստանալու: Օրինակ՝ ավտոկայանատեղիները: Քաղաքից տարբեր հատվածներում հարյուրավոր ավտոմեքենաներ ամիսներով, եթե ոչ՝ տարիներով են կայանված: Մարդիկ բերում, վաճառքի կամ վարձակալության համար նախատեսված մեքենաները կանգնեցնում են մայթեզրերին, ու այդպես ամիսներով թողնում: Ինչո՞ւ մինչև հիմա այդ հարցը լուծված չէ: Օրական տասնյակ բողոքներ են լինում այս առթիվ: Անիմաստ տեղ են զբաղեցնում և լրացուցիչ խնդիր են առաջացնում վարորդների, երթևեկության համար: Ահա, հենց այս հարցերը լուծեք, նոր անցեք արագության շեմի փոփոխությանը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   888 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ