Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցը, բնականաբար, շարունակում է հետևանքներ ունենալ: Արդեն կան ձերբակալություններ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարի: Ընդ որում, որքան հասկացանք, Փաշինյանը ի սկզբանե նախատեսել էր նման զարգացումներ, քանի որ այցից մեկ օր առաջ ՀՀ ոստիկանապետը փոխել էր մարզի բոլոր ոստիկանապետերին:
Ինչևէ, բոլորս տեսանք, թե ինչ տեղի ունեցավ այցի ընթացքում, որտեղ, ով և ինչպես դիմավորեց նրան, ինչ հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ արեց նրա հասցեին: Մենք դա չենք ներկայացնում՝ ի տարբերություն որոշ «անաչառ» լրատվամիջոցների, որոնք բոլոր հայհոյանքները հատ-հատ հրապարակել էին, ընդ որում՝ հիմնականում վերնագրերում, ծալած ունենալով էթիկա, բան-ման, որ կին-երեխա էլ են այդ ամենը կարդում:
Բայց մենք այսօր ցանկանում էինք անդրադառնալ այդ այցի ամենատպավորիչ և խոսուն դրվագին, երբ Նիկոլ Փաշինյանն իր թիկնազորով, զորքով, թուր ու թվանքով մտել էր շուռնուխցի կնոջ տուն, էն էլ Լևոն Տեր-Պետրոսյանը խփեց մեր գործին ու ինքը գրեց այդ մասին: Կամ էլ մեր մտքերն է կարդում, քանի որ նույնը բանը մենք էինք գրելու:
Իսկ Առաջին նախագահը գրել է. «Ինձ համար Փաշինյանի Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագը ուշ երեկոյան, առանց թույլտվության, նրա ներխուժումն էր շուռնուխեցի մի կնոջ բնակարան: Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին, որի պատկերացումը քաղաքացու իրավունքների մասին, ցավոք, չի տարբերվում ճորտատիրոջ պատկերացումից»:
Ասվածին ավելացնելու բան չկա: