...

Ազատ, անկախ անկում՝ դեպի անդունդ

Ազատ, անկախ անկում՝ դեպի անդունդ

Դարձ՝ ի շրջանս յուր

Իսկ Արցախում արդեն 5-րդ օրն է, գազ չկա: Դպրոցներում, մանկապարտեզներում, տներում մարդիկ սառչում են: 

Իսկ Հայաստանում մարդիկ վրա են տվել սուպերմարկետներն ու սրբում են տաղավարները. ալյուր, շաքարավազ, ամեն ինչ կրած տանում են՝ սպասելով պարենային ճգնաժամի:

Իսկ դրսում 2022 թվականն է, ոչ թե՝ 1992 թվականը, որ ասես՝ դե, բլոկադա է, աշխարհը խառն է, պատերազմ է, Օսեթիա, Աբխազիա: Ահա այսպես, բերեցին, հասցրեցին մի իրավիճակի, երբ արդեն 1992 թվականի հետ ենք համեմատում:

Մի օրում չեն բերել: Հանգիստ, անվրդով, հերոսական կեցվածքով 20 տարի շարունակ Հայաստանն ու Արցախը գլորել են դեպի անդունդը: Ու հիմա մենք ոչ թե անդունդի եզրին ենք, այլ արդեն գլորվում ենք ներքև:

Վերջնագրերի սպասելիս

Սրանք դեռ ծաղիկներն են, որովհետև Ադրբեջանը պատերազմ սկսելու համար վերջնագիր է ներկայացրել Հայաստանին: Դիվանագիտական լեզվով դրանք նշանակում են կարգավորման նոր առաջարկներ, բայց պատերազմ սկսելուց առաջ բոլորն են կարգավորման առաջարկներ ուղարկում: Վերջնագրով Հայաստանից պահանջում են կատարել Ադրբեջանի բոլոր ցանկությունները: Ասում են՝ ռուսների վրա հույս մի դրեք, Ուկրաինայում խրվել, մնացել են, համ էլ մեր դաշնակիցն է: Եվ ընդհանրապես, ձեր ինչի՞ն է պետք պետականությունը, եկեք վերադառնանք 1920 թվի Ալեքսանդրապոլի պայմանագրին, խաղաղություն հաստատենք, գնացեք, Սևանի լճում սրտներիդ ուզածի չափ լողացեք: Մեր արև, չենք կրակի:

Սա կատակ բան չէ, իրականում մենք իսկապես ծանր և բարդ իրավիճակում ենք: Մենք իսկապես մեր պետականությունից զրկվելու, մեր տեղը ազգերի միջազգային բարձրագույն լիգայում կորցնելու վտանգի տակ ենք: Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ամենաշատը կարողանում ենք լուծել աղամանների խնդիրները: Ու օրերով քննարկել այդ հարցը: Ու մի հատ էլ հայտարարել, թե խաղաղության հարցում Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են: 

Փրկության սեղմօղակը

Մենք մի իրավիճակում ենք, երբ միակ տղամարդ-ընդդիմությունը ուրախ-ուրախ ձեռքերը շփելով, սպասում է իր աստեղային ժամին: Ասում են՝ իշխանություն ջան, դե, դուք տեսեք, ինչ եք անում, հանձնեք, ստորագրեք, հետո արդեն մենք կգանք՝ փրկելու: Մուննաթ են գալիս Ռուսաստանի վրա, թե մի քիչ արագացրեք, լուծեք սրանց հարցերը, չե՞ք տեսնում՝ Երևանում ամերիկյան բիոլաբորատորիաներ են պահում, համ էլ գիտե՞ք ինչ՝ ՆԱՏՕ-ի զորքեր կան այստեղ, բա, բա: Ադրբեջան ջան, բա լսե՞լ եք, Ղարաբաղում ինքնապաշտպանական ջոկատներ են ստեղծվում: Հենա, մի տասը տեղ գրել, տարածել ենք, ինչի՞ եք էշի ականջում քնած: Պետք ա՞, կոորդինատներն էլ կտաք: Երևի ապօրինի զինված խմբավորումներ են, դուք լավ կիմանաք: 

Մեր ծանր հրետանին 

Բայց չէինք ցանկանա, որ մտածեք, թե իրավիճակն այս աստիճանի ապոկալիպտիկ տեսք ունի: Ի վերջո, դեռ իր վճռական խոսքը չի ասել մեր ծանր հրետանին՝ «մտավորականությունը»: Հեսա տեսեք՝ ինչ են անելու: Մի հատ բաց նամակ-կոչով այնպիսի հզոր համազարկ են տալու միջազգային հանրությանը, որ քարը-քարին չթողնեն: Բայդենին ցեխն են կոխելու, Լիզա Թրեյսիին հիշեցնելու են իր անցյալը, Վիկտորիա Նուլանդին շան օրն են գցելու, Մակրոնին բացատրելու են հայ ազգի 3000-ամյա պատմության կարևորությունը: Բոլորին հատ-հատ ոչնչացնելու են. բարոյապես, իհարկե: 

Այնպես որ, ամեն ինչ այդքան վատ չէ: Մեր ազգի սերուցքի շնորհիվ բացառված չէ, որ որպես համաշխարհային ազգ միայն Վիլսոնի քարտեզներում մեզ գտնեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5489 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ