...

Ազատ անկման ճանապարհային քարտեզը

Ազատ անկման ճանապարհային քարտեզը

Հայտնի ճշմարտություն է, որ հիմար մարդն ինքնին վտանգավոր է հասարակության համար, նախաձեռնություն ցուցաբերող հիմարը՝ շատ ավելի վտանգավոր, բայց ամենավտանգավորն իր նախաձեռնությունները իրականություն դարձնելու լծակներ ունեցող հիմարն է։ Չէ, խոսքը «ապուշ ինտելեկտուալների» նկատմամբ «ժողովրդի» տարած հաղթանակի մասին չէ։ Պարզապես պետք է մի կողմ դնել էմոցիաները և փորձել հասկանալ, թե ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում վերջին 3 տարիներին, ի՞նչ տեղի ունեցավ հունիսի 20-ին, և ի՞նչ է սպասվում առաջիկայում։ Սա շատ կարևոր է, որովհետև այնպես չէ, որ Արցախը կորցրեցինք, ժողովուրդը Փաշինյանին ներեց դա, և վերջ, ամեն ինչ անցյալում է, ու սրանից հետո լավ է լինելու։ Իրականում գործընթացը նոր-նոր միայն սկսվում է, և Փաշինյանն այն շարունակելու մանդատ է ստացել։

Ո՞րն էր, ի վերջո, անցած երեք տարիներին տեղի ունեցածի իմաստը։ Եթե կարճ՝ ապա Նիկոլ Փաշինյանը համոզված էր, որ Արցախը մեզ մշտապես կապված է պահում «ռուսական սայլին», թույլ չի տալիս Վրաստանի օրինակով դառնալ «քաղաքակիրթ աշխարհի մաս», հետևաբար՝ պետք է հրաժարվել Արցախից, հանձնել այն, և վերջ՝ ռուսական ստրկությունն ավարտված է, քաղաքակիրթ աշխարհի ճանապարհը՝ բաց։ Ռուսաստանում սա գնահատեցին որպես ապստամբություն ու որոշեցին «պատժել», Ադրբեջանն ու Թուրքիան օգտվեցին պահից, Նիկոլ Փաշինյանի ծրագրերին դա առանձնապես չէր հակասում, և արդյունքում՝ ունեցանք այն, ինչ ունեցանք։ Ռուսներն իրենց ուզածը ստացան («պատժեցին ռուսական սայլից պոկվել փորձող ապստամբներին» ու միաժամանակ ապահովեցին իրենց ռազմական ներկայությունն Արցախում), Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ուզածի մեծ մասին հասան, բայց Նիկոլ Փաշինյանը դեռ ոչնչի չի հասել՝ ոչ «ռուսական սայլից» է պոկվել, ոչ էլ, Վրաստանի օրինակով, ինտեգրվել է «քաղաքակիրթ աշխարհին»՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով։ 

Հարց է ծագում՝ ի՞նչ պիտի անի Փաշինյանը վստահության քվեն վերստանալուց հետո։ Ճիշտ է՝ պիտի համարի, որ ժողովուրդն ընդունում է իր ընտրած ուղին, ու պիտի շարունակի փորձերը։ Ռուսաստանում, ի դեպ, հայաստանյան ընտրությունների արդյունքները հենց այդպես էլ գնահատում են՝ կարծիքներ են հնչում, որ ուրեմն «լավ չէին պատժել», և ակնարկում են, որ եթե այդպես շարունակվի՝ Երևանը կարող է դառնալ Էրիվան։ Ադրբեջանն ու Թուրքիան էլ անհամբեր սպասում են, թե երբ է լինելու հաջորդ հարմար պահը, որ մտնեն Սյունիք։ Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանի «գերնպատակին» դա նույնպես շատ չի հակասում։ Եթե Վրաստանը հանուն «քաղաքակիրթ աշխարհի մաս դառնալու» երկու տարածք է զոհաբերել՝ Աբխազիան ու Հարավային Օսեթիան, ինչո՞ւ պիտի Հայաստանը նույն բանի համար վճարի միայն Արցախով ու ճանապարհի կեսից կանգ առնի։ Եթե կարելի էր Արցախից հրաժարվել, որպեսզի Արարատյան դաշտի գյուղացիներն իրենց աճեցրած ռեհանը վաճառեն Ստամբուլի շուկաներում, ինչո՞ւ չի կարելի հանուն նույն նպատակի հրաժարվել նաև Սյունիքից։ Արցախից հրաժարվելուց հետո 70 տոկոսանոց վարկանիշը դարձավ 54 տոկոս՝ թող Սյունիքը հանձնելուց հետո էլ 40-ի իջնի, միևնույն է՝ բոնուսով-բանով էլի կպահպանի իշխանությունը, բա կարծում եք հե՞շտ է «քաղաքակիրթ աշխարհի մաս դառնալը»։

Բնականաբար՝ այնպես չէ, որ Փաշինյանը Սյունիքը «թղթով-բանով» է հանձնելու։ Ավելի հավանական է, որ վարվելու է ճիշտ այնպես, ինչպես Արցախի դեպքում։ Հերոսական ճառեր է արտասանելու, որ Սյունիքը Հայաստան է, և վերջ, ճանապարհի հարցով «իրեն գժի տեղ է դնելու», թշնամին առաջ է գալու, ռուս խաղաղապահները վերջին պահին «փրկելու են» այն, ինչ մնացել է ու վերահսկելու են, ասենք, Սիսիան-Մեղրի 5 կիլոմետրանոց միջանցքը՝ այնպես, ինչպես Լաչինի ճանապարհն են վերահսկում։ Ու անգամ դրանից հետո «քաղաքակիրթ աշխարհի մաս դառնալու» ճանապարհը փակ է մնալու, որովհետև դեռ Տավուշ կա, դեռ Վարդենիս կա, վերջին հաշվով՝ Երևան կա...

Այս հեռանկարը կանխելու լեգիտիմ ճանապարհ այս պահին չի նշմարվում, բայց դա «հաղթանակած ժողովրդին» առանձնապես չի էլ հուզում։ Նրանք ընտրությունների ներքաղաքական հետևանքներն են քննարկում։ Որքան էլ «ինտելեկտուալ ապուշները» պնդեն, որ մեծ տարբերություն չկա՝ Շմայսն ու Թոխմախի Մհե՞րն են ներսից ծվատում երկիրը, թե՞, ասենք, շիշ բռնողն ու Ալենը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1491 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ