Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը հայտնել է, որ համալսարանի նկուղային հարկում տարիներ շարունակ գործել է շոգեբաղնիք. «Ես չգիտեմ՝ դուք տեղյակ եք, թե չէ, բայց ռեկտորատի վարչական շենքի նկուղային հարկում կա սաունա…բայց կարծես թե չզարմացաք, կա սաունա, ես բոլորիդ հրավիրում եմ, բանալիներն ինձ մոտ են, այդ սաունան աշխատող է, երևի մի տարի է, ինչ չի գործում, բայց ինքը գործող սաունա է, իր լողավազանով և այլնով ու և այլնով»:
«ՉԻ». Ափսոս, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանն այժմ խիստ զբաղված է իշխանություններին դիմակազերծ անելով ու հրաժարականներ պահանջելով: Թե չէ կհարցնեիք, թե համալսարանում սաունա պահելը ՀՀԿ-ի ո՞ր կարգախոսի շրջանակներում է իրականացվել:
Չնայած, ի՞նչ կա այստեղ չհասկանալու: Պարզ է, որ համալսարանի նախկին ղեկավարությունը քրտնաջան աշխատանք էր տանում՝ ի շահ կրթության, հոգնում էր, դե, քրտնած ու հոգնած ջանին ի՞նչը կարող է դարման լինել: Իհարկե՝ սաունան:
Ուրիշ բան չմտածեք. դա ազգային, համարյա ցեղակրոն սաունա է եղել: Դրա ջուրը հայոց լեռների անմահական աղբյուրներից է բերվել, լողավազանը՝ ծովից ծով Հայաստանի խորհրդանիշն է եղել, տաքացվող քարերը՝ շինարար ազգի ու քարի հայրենիքի մասին են հիշեցրել, իսկ գոլորշին, որը հետո վեր էր հառնում ու անէանում երկնքում, ազգայնականության և անմահության սուրբ երկրորդությունն էր:
Այնպես որ, պետք է տեմպը չթուլացնել. նախկին իշխանությունների ստեղծագործ միտքը հարկ է շարունակել և ոչ միայն բոլոր բուհերում, այլ նաև բոլոր դպրոցներում, նույնիսկ մանկապարտեզներում սաունաներ սարքել: Ի վերջո, դպրոցներն ու մանկապարտեզներն էլ ղեկավարներ ունեն, նրանք էլ են մարդ, հոգնել ու քրտնել կա: