«Ես առաջարկում եմ, որ վիրավորանքի համար նախատեսված 1 մլն դրամ վարչական տույժը դառնա 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար նախատեսվածը՝ 2 մլն դրամից դառնա 10 մլն դրամ»,- ըստ լրատվամիջոցների սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Վերջինս շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ զրպարտությանը և վիրավորանքին վերաբերող 1087.1 հոդվածում:
Առաջարկին արձագանքները հիմնականում էմոցիոնալ են եղել (բացառությամբ ԽԱՊԿ-ի,ԵՄԱ-ի և գործընկեր կազմակերպությունների հայտարարության): Մենք կփորձենք դրա անիմաստությունը ցույց տալ փաստերով:
Նախ՝ ԱԺ փոխնախագահը չի տարբերում վնասի փոխհատուցումը վարչական տույժից և, ինչպես վերը տեսանք, ասում է «վիրավորանքի համար նախատեսված … վարչական տույժ…» (տես մեջբերումը):
Բայց մեր փոխարեն թող հենց օրենսգիրքը խոսի.
ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք
Հոդված 1087.1. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները
…
Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.
2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.
3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Այստեղ բանալի բառերն են՝ «փոխհատուցում», «անձը կարող է պահանջել» և ամենակարևորը՝ «ՄԻՆՉԵՎ»: Այս «մինչև»-ը մենք դիտմամբ մեծատառերով գրեցինք։ «Մինչև»-ը նշանակում է 0 դրամից մինչև 1 միլիոն դրամ՝ վիրավորանքի դեպքում, 0 դրամից մինչև 2 միլիոն դրամ՝ զրպարտության դեպքում: Եթե Ալեն Սիմոնյանի առաջարկը ընդունվի, մեծանալու է միայն միջակայքը, իսկ փոխհատուցման չափը որոշելը մնալու է դատարանին:
Եթե այս նախագծի հեղինակը ուշադիր կարդար 1087.1 հոդվածն ամբողջությամբ, ապա կտեսներ, որ դատարանը հենց այնպես չի կարող փոխհատուցումներ սահմանել: Բա իզո՞ւր է տողերիս հեղինակն իր գործընկեր-փորձագետների հետ 2010 թվականին կռիվ տվել Քաղաքացիական օրենսգրքի այս հոդվածը հնարավորինս լավացնելու համար:
Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 11-րդ կետում նշվում է.
Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`
1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը.
2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը:
Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը չպետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասը:
Այսինքն՝ անկախ և նորմալ դատական համակարգի պայմաններում դատարանը նախ կտեսնի, որ այս կամ այն լրատվամիջոցը առանձնապես տարածում չունի, և երկրորդ՝ չունի այն ֆինանսական հնարավորությունները, որ անգամ մեկ միլիոն դրամ փոխհատուցում վճարի, և կսահմանի, ասենք, 200 հազարից 500 հազար դրամ, ոչ ավելի:
Իսկ գուցե Ալեն Սիմոնյանը ուզում է, որ իր իշխանական բարձունքներից հրամայի դատավորին առավելագույն փոխհատուցո՞ւմ սահմանել՝ իր հայցերի բավարարման դեպքում:
Եվ, վերջապես, եթե Ալեն Սիմոնյանին թվում է, թե 5 միլիոն դրամի փոխհատուցումը կվերականգնի հրապարակմամբ խաթարված պատիվն ու արժանապատվությունը, ապա նա սխալվում է. պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու լավագույն միջոցը տեղեկությունը տարածողի ներողությունն է կամ հերքումը: Իրենց հարգող գործիչները հենց այդպես էլ վարվում են՝ ավելի քիչ դրամ, ավելի շատ՝ ներողություն և հերքում: Օրինակ, ժամանակին Արթուր Սաքունցը, նույն հոդվածով հայց էր ներկայացրել դատարան և վիրավորողից/զրպարտողից ընդամենը 10 դրամ փոխհատուցում էր պահանջել:
Այն հիմնավորումները, որ Սիմոնյանը բերեց ՀՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստին, մեղմ ասած, համոզիչ չեն: Օրինակ, երբ ասում է, թե մի օրվա կայքեր են բացվում, որոնց պատասխանատուներին հնարավոր չէ գտնել: Բայց սա ի՞նչ կապ ունի իր առաջարկի հետ՝ չի ասում: Իսկ մենք ասենք, որ ոչ մի կապ, որովհետև եթե այդ կայքերի պատասխանատուներին չես գտնելու, էլ ո՞ւմ դեմ ես հայց ներկայացնելու և 5 միլիոն դրամի փոխհատուցում պահանջելու: Ավելին՝ եթե մի քիչ ծանոթ լիներ միջազգային փորձին, կիմանար, որ իրեն հարգող գործիչը երբեք հայց չի ներկայացնում հեղինակություն չունեցող լրատվամիջոցների դեմ:
Վերը մեր բերած մեկնաբանությունները բավարար են եզրակացնելու համար, որ նախ՝ օրինագծի հեղինակը լավ չի տիրապետում ոլորտին, երկրորդ՝ այսրոպեական անձնական խնդիրներ է ուզում լուծել, և վերջապես՝ այս նախագծով հարված է հասցվում Հայաստան պետության ժողովրդավարական իմիջին:
Մեսրոպ Հարությունյան
Մեդիա փորձագետ
Հ. Գ. Այս հոդվածը ավելի շատ ուղղված է այժմ պատգամավոր մեր նախկին, ավելի սթափ մտածող գործընկերներին: «Դուխ» կունենա՞ն դիմակայելու այս նախագծին և մերժելու այն։