ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանն այսօր խորհրդարանում հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին. «ՀՀ վարչապետ և զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար, ե՞րբ հասկացաք, որ մեր բանակն այլևս ի վիճակի չէր թուրք-ադրբեջանական զորքերի դեմ պայքարը շարունակելու»: Վարչապետը պատասխանել է. «Էդ ո՞նց եք այդտեղ եկել նստել ընդհանրապես, որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք, ես ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում»:
«ՉԻ». Փորձեցինք հիշել, թե Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում եղել է, որ խորհրդարանում չպատասխանի որևէ պատգամավորի հարցի: Նման բան չմտաբերեցինք: Եթե եղել է, խնդրում ենք հիշեցնել:
Երկրորդ. երկրի ղեկավարը՝ անկախ ամեն ինչից, պարտավոր է պատասխանել պատգամավորի հարցին: Կապ չունի, պատգամավորն ընդդիմադիր է, թե՝ ոչ, հաճելի մարդ է, թե՝ ոչ, տհաճ հարց է տալիս, թե՝ ոչ:
Երրորդ. թեպետ Նիկոլ Փաշինյանը չի պատասխանում Գոռ Գևորգյանի հարցերին՝ ակնարկելով, որ վերջինս «Իմ քայլով» է պատգամավոր դարձել ու հետո խմբակցությունից դուրս եկել, այսինքն, կոպիտ ասած, պատգամավորին ասում է՝ քեզ չի հասնում պատասխան, ինչը պարունակում է մանրախնդրության տարրեր, մեր կարծիքով, իրականում Նիկոլ Փաշինյանը սրանով խուսափում է Գոռ Գևորգյանի հնչեցրած հարցադրումներին պատասխանելուց, քանի որ պատասխան չունի: Պատասխան ունեցողը կպատասխաներ, հետո իր ասելիքը կասեր պատգամավորի հասցեին:
Բայց ամենակարևորը. որ Նիկոլ Փաշինյանը այսպիսի քամահրական, երկրի ղեկավարին ոչ վայել վարքագիծ է դրսևորում այն դեպքում, երբ ինքն է Լևոն Տեր-Պետրոսյանի ձայներով հայտնվել խորհրդարանում ու մի տարի հետո փաստացի ՀԱԿ խմբակցությունից դուրս եկել: Ափսոս, այն ժամանակ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ որևէ մեկը ամբիոնից՝ ի պատասխան ՀԱԿ-ից դուրս եկած Նիկոլ Փաշինյանի հարցի, չի ասել. «Էդ ո՞նց եք այդտեղ եկել նստել ընդհանրապես, որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք, ես ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում»: