...

Բա ետ բերած թալանը ե՞րբ եք բաժանելու

Բա ետ բերած թալանը ե՞րբ եք բաժանելու

Նիկոլ Փաշինյանի մոլի աջակիցների բախտը կարծես թե այս տարի է՛լ չի բերելու։ Տարին արդեն վերջանում է, բայց դեռ ժողովրդից թալանածը «քյաբաբ առ քյաբաբ» ժողովրդին վերադարձնելու մասին խոսք չկա։ Համենայն դեպս՝ ո՛չ բանկերի առջև են հերթեր նկատվում, ո՛չ կառավարության շենքի առջև, ո՛չ ՔՊ գրասենյակների։ Չէ, ժողովրդից թալանածը գուցեև իսկապես վերադարձվում է, պարզապես առայժմ միայն իշխանությունների պարգևավճարներին է հերիքում, այն էլ՝ «սիմվոլիկ գումարի» չափով (շատ-շատ՝ ամիսը մի հազար դոլար)։ Ճիշտ է, իշխանությունները ցնծությամբ տեղեկացրեցին, որ հունվարի 1-ից թոշակները բարձրանալու են ամբողջ 2100 դրամով, այն էլ՝ պարզվեց, միայն նվազագույն թոշակ ստացողներինն է ավելանալու և 26 500-ից դառնալու է 28 600 դրամ, իսկ, ասենք, 30 հազար դրամ ստացողներինը չի ավելանալու։ Բյուջեում փող չկա։

Հիշում եք, չէ՞, թե ինչպես էր իր վարչապետության առաջին ամիսներին (սրանք դեռ հեծանիվով աշխատանքի գնալու ժամանակներն էին) Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքի դիմաց հեղափոխությունից իր փայը ստանալու եկած ղժղժան կանանց բացատրում, որ բյուջեում լիքը փող կա, ինքը եթե ուզի՝ կարող է բարձրացնել թոշակները, բայց այդ դեպքում մարդկանց ձեռքը շատ փող կհայտնվի, ու ինֆլյացիա կսկսվի։ Ավելի ուշ նա ընդհանրապես «ջրեց» այդ թեման՝ հայտարարելով, թե աղքատությունը մարդկանց գլուխներում է, բայց լյումպենը դեռ հույս ուներ, որ միևնույն է՝ այսօր չէ վաղը նախկին հանցավորների ունեցվածքը վաճառելու են ու փողը բաժանեն իրենց, իսկ օլիգարխների տան եղած-չեղածը (տելեվիզըր, զանավեսկա, խրուստալեղեն) բաժանեն առավել ակտիվ ցուցարարներին։ Բա իհարկե, եթե իրենց կուռքը Սերժի կնոջ փակած հյութերն է խմում, ինչո՞ւ պիտի իրենք էլ գոնե օլիգարխների ավտոներից մի քանի զապչաստ չտանեն, բա էլ ինչի՞ համար են հեղափոխություն արել։

Բայց «խիյարը շարունակում է թարս բուսնել»։ Իշխանությունները ձայն-ծպտուն չեն հանում, թե ուր կորան «շնորհքով ներխուժումների» արդյունքում «կամավոր հանձնված» հարյուր միլիոնավոր դոլարները, պատերազմի ընթացքում հանգանակված ահռելի գումարները, տարբեր թիթիզ հիմնադրամներին նվիրաբերված միջոցները, և այլն։ Ոչ մի հաշվետվություն, ոչ մի թափանցիկություն, ոչ մի բացատրություն, լավագույն դեպքում մուննաթ՝ «էս չհասկացանք, մեզ չեք վստահո՞ւմ, ոնց պետք ա՝ նենց էլ ծախսում ենք»։ 

Հիմա էլ պարզվում է՝ իշխանությունները մտադիր են չպատվաստված և Քովիդ-19-ով վարակված հիվանդների բուժումը դարձնել վճարովի՝ 800 հազար դրամ։ Պատժում են։ Հիշում եք, չէ՞, հայտնի մուլտֆիլմի այն հատվածը, որտեղ բռնապետը սկսում է հպատակների վրա գոռգոռալ՝ «այն բանից հետո, երբ մենք բարձրացրեցինք օդի հարկը, դուք սկսել եք քիչ շնչել»։ Իսկ իրենց որևէ մեկը չի պատժելու կորոնավարակի նոր ալիքի ֆոնին հրապարակում «գունագեղ միջոցառում» կազմակերպելու և հազարավոր մարդկանց իրար գլխի լցնելու համար։ Ի՞նչ վատ բիզնես է, եթե ամեն հաճախորդից 800 հազար «քյար» են ունենալու։

Իսկ մոլի նիկոլականների համբերությունը կամաց-կամաց սպառվում է՝ բա ո՞ւր է վերադարձված թալանի իրենց փայը. չէ՞ որ խոստացել էին։ Նրանց վիճակն է՛լ վիճակ չի։ Այսպիսի անեկդոտ կա․ մարմնավաճառն «աշխատանքային օրվա» ավարտից հետո մտնում է բանկ, որպեսզի օրվա հասույթն ավելացնի հաշվեհամարին, բանկի աշխատակիցն ասում է՝ «ներեցեք, տիկին, բայց այս փողերը կեղծ են», կինն էլ հիստերիայի մեջ է ընկնում՝ «փաստորեն ինձ բռնաբարե՞լ են»։ Հետաքրքիր է՝ դեռ ինչքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի մոլի նիկոլականները հասկանան, թե երեքուկես տարի շարունակ իրենց ինչ են անում։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2422 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ