Մտել ենք մեծ մանիպուլյացիաների փուլ: Լսում ենք հազար ու մի տեսակ պատմություն, արդարացում, խոստում և այլն:
Բայց կա կարևոր հանգամանք: 17 կուսակցություններ, իրականում Քոչարյանը, Սարգսյանը և նրանց սատելիտները ցանկանում են համաժողովրդական այս ցասման պայմաններում վերցնել իշխանությունը:
Ինչպես 22 տարի առաջ, այնպես էլ հիմա նույն մարդիկ փորձում են խաղալ մարդկանց հույզերի վրա և ստանալ իշխանություն Երևանում:
Կա մեկ կարևոր հանգամանք, այսօր 17 քաղաքական ուժեր հանրահավաք են կազմակերպել, որտեղ պահանջում են իշխանությունների հրաժարականը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեծ հաշվով տարբերություն չկա, իշխանությունները կմնան, թե ոչ, որովհետև վերջին 30 տարվա թիվ 1 քաղաքական կամ ներքաղաքական օրակարգը ձևավորող հիմնախնդիրը՝ Արցախի հարցը, արդեն վերացել է: Ընդդիմությունը միայն մի օրակարգով կարող է իշխանություն վերցնել. այն է, չեղարկել Արցախի հարցում իշխանությունների ստորագրած փաստաթուղթը և հետ բերել կորցրած տարածքները: Բայց բոլորս էլ հասկանում ենք, այդ թվում՝ ընդդիմությունը, որ ներկայումս դա անհնար է: Վերջացել է: Ստորագրած բարաթ կա: Հիմա Ծառուկյանը գա, Վանեցյանը, թե Սերժ Սարգսյանը, բան չեն կարող անել: Ու տարբերություն էլ արդեն չկա, թե սրանցից ով կգա իշխանության, քանի որ ազգափրկիչ գործ անելու դաշտ չկա: Դե որ դա չկա, ով էլ գա, ի՞նչ պիտի անի:
Այսինքն, Ղարաբաղի հարց էլ չկա, որ այն շահարկեն, ասեն. մենք ավելի լավ լուծում գիտենք, Բաքուն ենք գրավելու, Ուտիքը, Քուռ-Արաքսյան եսիմինչը, դրա ներքո իշխանափոխություն անեն կամ իշխանություն պահեն: Արդեն դա էլ չկա: Հայաստանը մանրից վերածվելու է ռուսական գուբերնիային և միակ պայքարը լինելու է Հայաստանի գուբերնատորի պաշտոնի համար, ամեն մեկը հիմա ցույց է տալու, որ ինքն ավելի ռուսամետ է և նվիրված Ռուսաստանին: Պատրանքներից պետք է դուրս գալ, սա է այսօրվա Հայաստանի իրողությունը:
Թե չէ դավաճանության կամ գյուղացիներին վարկ տրամադրելու մասին լոլոներ լսելն այնքան էլ նպատակահարմար չէ կովիդի պայմաններում: