Երեկվանից համացանցը ցնցված է. գրանտակերների դեմ անողոք պայքար մղող բժիշկ Գևորգ Գրիգորյանը ինքը ստացել է 50 հազար դոլարի գրանտ և ստեղծել Medmedia.am կայքը: Կայքի որոշ հրապարակումներ COVID-19-ը անվանում են «կեղծ համավարակ» և կոչ անում հրաժարվել պատվաստումներից։
Հաշվի առնելով Հայաստանի քաղաքական և հասարակական դաշտի առանձնահատկությունները՝ չենք զարմանա, եթե առաջիկայում ևս ունենանք այս կարգի այլ բացահայտումներ: Օրինակ.
Պարզվի, որ Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը Հայաստանը Եվրոպա մտցնելու մտադրության տակ նկատի ունի Հայաստանը Ռուսաստանի եվրոպական մասի մեջ ընդգրկելը:
Արթուր Դանիելյանը, Միքայել Մինասյանին հրապարակավ ՀՀ վարչապետ տեսնելով, իրականում աշխատում է նրա դեմ, քանի որ իր բացասական վարկանիշով Դանիելյանը Հայաստանում առաջատարներից է:
Աշոտյանը և Շարմազանովը Փաշինյանի քաղաքական հաճախորդներն են, իսկ ընկերների մասին երգը հենց նրան է նվիրված:
Վանեցյանը սովորական սուրհանդակ չէ և հիմա իրականացնում է հույժ գաղտնի օպերացիա ու իսկապես ունի պատիվ:
Քոչարյանը անընդհատ վիրահատվելով Իզմիրլյան կենտրոնում ամենևին նպատակ չունի հետաձգել դատավարությունը: Ինքը պարզապես այդպիսով փորձում է ներսից հասկանալ, թե ինչ է կատարվում իրեն համասեփականության իրավունքով պատկանող հիվանդանոցում:
Հայաստանից Ռուսաստան ծխախոտ են արտահանում և՛ Փաշինյանը, և՛ Մինասյանը:
Արա Վարդանյանը իսկապես ունեցել է բարի նպատակներ: Ցանկացել է խաղադրույքներ կատարել, բազմապատկել գումարները, որպեսզի հետո այն ուղղի Համահայկական հիմնադրամին:
Նարեկ Մալյանը ոչ մի բանի վաստակ էլ չի, ինչ վաստակում է՝ վաստակում է արդար քրտինքով:
Էդմոն Մարուքյանը ոչ մեկի հաճախորդն էլ չի՝ իսկապես մոլորվել է և լուրջ փնտրում է երրորդ ճանապարհ:
Գևորգ Պետրոսյանը տանը դիմակ է կրում, իսկ սիրած գույներն են կապույտը և վարդագույնը: