ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հոդված է հրապարակել՝ «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» վերնագրով: Ինքն է խնդրել նման վերնագիր դնել: Փաշինյանը նշել է, որ տեքստը պատրաստել է երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ընդլայնված հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթի հիման վրա:
Ելույթը, ըստ էության, պատասխանն է իշխանությունների հասցեին հնչող քննադատությունների, որոնք վերջին շրջանում ուժգնացան, հատկապես՝ ՍԴ դատավորներ ընտրելու գործընթացից հետո: Ընդ որում, նա պատասխանել է ոչ թե այսօր ընդդիմադիր դաշտում տեղավորված քաղաքական ուժերին, խորհրդարանական կուսակցություններին, այլ քաղհասարակության հատվածին, այն ուժերին, որոնք տարիներ շարունակ պայքարել են քոչարյանա-սերժական վարչախմբի դեմ:
Հոդվածը բավական ծավալուն է, այդ իսկ պատճառով կնշենք դրանցում եղած մտքերը:
- «Քաղաքացիական պայմանագիրը» Երրորդ հանրապետության միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որ կարողացել է իրագործել իշխանափոխություն իրականացնելու խոստումը: Բայց պարադոքսն այն է, որ ՔՊ-ն դա արել է բացառապես «սխալ քայլերի հետևողականության» շնորհիվ:
- 2014 թվական: Այդ ժամանակ ՔՊ-ն դեռ քաղաքացիական նախաձեռնություն էր, բայց քաղաքական դաշտում ուներ որոշակի նկատելիություն: ՀՅԴ-«Ժառանգություն»-ՀԱԿ-ԲՀԿ քառյակը որոշել էր քաղաքական պրոցես սկսել, որը պետք է լիներ բուրժուադեմոկրատական հեղափոխության-իշխանափոխության մի ինչ-որ խառնուրդ: ՔՊ-ն հստակ և վճռականորեն որոշեց չմասնակցել դրան և արժանացավ բուռն արգահատանքի: Նրան համարեցին Սերժի պրոյեկտ, ծախված ընդդիմություն և այլն, և այսպես շարունակ:
- 2015 թվական, սահմանադրական փոփոխությունների հանրաքվե - Այդ ժամանակ ընդդիմադիր դաշտը որոշել էր անել իշխանափոխություն, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն համարելով ամենապատեհ առիթը դրա համար: ՔՊ-ն դա համարեց կեղծ օրակարգ, դեռ ավելին՝ ասում էր, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած սահմանադրության պայմաններում, որը պիտի ամբողջությամբ ուժի մեջ մտներ 2018 թվականի ապրիլին, ավելի հեշտ է իշխանափոխություն անել, քան նախորդ սահմանադրությամբ: Ի հեճուկս ընդդիմադիր դաշտի ճնշումների, պահանջների, հորդորների, հայհոյանքների՝ ՔՊ-ն պրոցեսին չմասնակցեց: Պրոցեսը ավարտվեց նրանով, որ ընդդիմադիրները վերջում գնացին տուն:
- 2018 թվական, Հայաստան - Գրեթե բոլորը համակերպվել են, որ Սերժ Սարգսյանը պիտի վերարտադրվի: Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր նույնպես մտադիր են չհամակերպվել Սերժ Սարգսյանի վերարտադրության հետ: Բայց նրանք առաջարկում են պայքարի հին բանաձևեր: ՔՊ-ն կտրականապես մերժում է դրանք, արժանանալով ևս մեկ՝ ընդդիմադիր դաշտը պառակտելու, ծախված լինելու մեղադրանքի: Իսկ թե ինչ եղավ հետո, բոլորդ գիտեք:
- Միայն սխալվելու մեր համարձակությունն է, որ ճշմարտության ետևից գնալու վճռականություն կտա ու Հայաստանին կբերի նորանոր հաղթանակներ: Միայն պարտվելու համարձակությունն է, որ մեզ կբերի հաղթանակի:
Երևի թե Նիկոլ Փաշինյանի այս հոդվածին անդրադառնալը սկսենք Մարկ Զախարովի «Այդ նույն Մյունհաուզենը» ֆիլմի այն հատվածից, երբ բարոն Մյունհաուզենը պատմում է, թե ինչպես է իր մազերից բռնած, իրեն ու իր ձիուն ճահիճից դուրս բերել և փրկվել: Երբ նրան հակադարձում են, թե նման բան հնարավոր չէ, որտե՞ղ են ապացույցները, բարոնը պատասխանում է. «Բայց չէ՞ որ ես ողջ եմ»:
Երբ Նիկոլ Փաշինյանին քննադատում են՝ այս կամ այն հարցում թերանալու, սխալվելու համար, ընդ որում՝ էական չէ՝ այդ քննադատությունը սուբյեկտի՞վ է, օբյեկտի՞վ է, իր պատասխանը վերջին 2,5 տարում գնալով խտացվել է մի նախադասության մեջ. «Բայց չէ՞ որ ես հեղափոխություն եմ արել», կամ՝ «Բայց չէ՞ որ ես եմ հեղափոխությունը արել»: Դա բոլոր հարցերի, բոլոր քննադատությունների պատասխանն է: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հեղափոխությունը դարձրել է գլխավոր փաստարկը, որին կարելի է «սպիսատ» անել ցանկացած սխալ, ձախողում, թերություն: Իմիջիայլոց, երբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են այս կամ այն հանցագործությունը կատարելու մեջ, ինքն էլ պատասխանում է. «Բայց չէ՞ որ ես եմ Աղդամը գրավել»: Այսինքն՝ դա էլ իր վահանն է, որով հակադարձում է ցանկացած մեղադրանքի և քննադատության: Տրամաբանությունը նույնն է:
Հեղափոխություն եք արել, ապրեք: Եվ ի՞նչ, դա ձեզ թույլ է տալիս այլևս ոչ մեկի հետ հաշվի չնստե՞լ, քանի որ միակն ու բացառիկն ե՞ք: Եթե այդպես է, արգելեք քաղաքական բոլոր ուժերի գործունեությունը, ի՞նչ իմաստ ունի նրանց գոյությունը, եթե որևէ հեղափոխություն չեն արել, մնացեք դուք, քանի որ միայն դուք եք ճիշտն ու աննախադեպը:
Առանձին թեմա է այն պնդումը, թե ՔՊ-ն Երրորդ հանրապետության միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որ կարողացել է իրագործել իշխանափոխություն իրականացնելու խոստումը: Նիկոլ Փաշինյանին խորհուրդ կտայինք ուսումնասիրել ղարաբաղյան շարժմանը պատմությունը, տեսնել՝ ինչ հանգամանքներում և ինչ պայմաններում է «Ղարաբաղ» կոմիտեն իշխանության եկել: 1990 թվականին Գերագույն Խորհրդի նախագահի ընտրությունները իշխանափոխության վառ դրսևորում էին: Այն ժամանակ Տեր-Պետրոսյանը ԳԽ-ում անհրաժեշտ թվով կողմնակիցներ չուներ, բայց համաժողովրդական շարժման և դրսում կանգնած տասնյակ հազարավոր քաղաքացիների ճնշման ներքո ԳԽ-ում քաղաքական փոքրամասնությունը ստանձնեց իշխանությունը: Այնպես որ՝ այստեղ էլ Նիկոլ Փաշինյանը բացառիկ չէ:
Քաղաքացիական ակտիվիստ Իզաբելա Սարգսյանը շատ դիպուկ էր նկատել. «Իսկ ո՞վ ասաց, որ իշխանությանը քննադատելու համար քաղաքացին պիտի ինչ-որ սխրանքներ գործած լինի կամ որևէ քաղաքացիական հետագիծ ունենա։ Մարդ է, ասենք, ոչ հեղափոխությանն է մասնակցել (ինչպես, օրինակ, կառավարության կեսը), ոչ էլ ցույցերի։ Հարկը վճարում է, գողություն չի անում, անմեղ մարդկանց չի դատում, Ա1+ չի փակում, քննություն դնելու համար փող չի վերցնում, միջին վիճակագրական հայաստանցի է ու ՀՀ քաղաքացի․ ի՞նչ, այդ մարդն իրավունք չունի՞ ասելու, թե նոր ՍԴ դատավորները ոտնահարում են նրա պատկերացումները ժողովրդավարական արժեքների մասին։ Առհասարակ էդ ի՞նչ թազա դասակարգում է, թե ով քննադատելու/ասելու/խոսելու իրավունք ունի, ով ոչ»:
Վերջացավ գնաց: Նիկոլ Փաշինյանը իր հոդվածում ոչ թե քաղաքական բանավեճ է նախաձեռնում, այլ ճիշտ հակառակը. ասում է, եկեք փակենք քաղաքական բանավեճի մշակույթը, որովհետև մենք միակն ու բացառիկն ենք, մնացածները «լուզերներ» են, անհաջողակ, «աբիժնիկ»: Իսկ երկրում, որտեղ քաղաքական բանավեճը մեռնում է, այնտեղ ծնվում է տոտալիտարիզմը: