...

Բանակի հաշվին փիառվելու փուլն ավարտվե՞ց

Բանակի հաշվին փիառվելու փուլն ավարտվե՞ց

Սյունիքի բնակիչները պիտի զգույշ լինեն։ Նիկոլ Փաշինյանը Գորիս-Կապան ճանապարհի մի մեծ հատված պաշտոնապես հանձնեց Ադրբեջանին (ակնհայտ է, որ առնվազն երկար ժամանակ ոչ մի հայկական մեքենա այդ ճանապարհով չի անցնելու), մարզի համայնքապետերից ահագին մարդ կալանավորեց ու հայտարարեց, թե Սյունիքը հանձնելը ոչ թե դա է, այլ այն, որ իրենից առաջ մարզի երեխաների միայն 4 տոկոսն էր մանկապարտեզ գնում, իսկ ահա ինքը մտադիր է մանկապարտեզներ ու դպրոցներ բացել։ Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ 

«Թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխությունից» հետո մոտավորապես նույն բանը բանակի հետ տեղի ունեցավ։ Անցանկալի հրամանատարներից շատերը կալանավորվեցին կամ հեռացվեցին բանակից, նրանց փոխարեն նշանակվեցին հավատարիմները, հետո «ելակը մտավ զորամասեր», զինվորներին սկսեցին նորմալ կերակրել, իշխանությունները մի լավ փիառվեցին այդ թեմայով, հետո․․․ Մնացածը գիտեք։ Հազարավոր զոհեր, հարյուրավոր անթաղ դիակներ ու գերիներ, և թիկնազորի հսկողության ներքո նրանց հիշատակի առջև վարպետորեն խոնարհվող գերագույն-գլխավոր մոդերատոր։ Զուգահեռաբար՝ ագրեսիվ քարոզչություն առ այն, որ պարտության մեղավորը նախկիններն են, նրանք էին տարիներ շարունակ բանակցում տարածքները հանձնելու մասին, նրանց օրոք էր Շուշին դժբախտ-դժգույն քաղաք, նրանց օրոք է արձանագրվել, որ Շուռնուխից այն կողմ Ադրբեջան է, և այլն։

Բայց վերադառնանք բանակին։ «Մայկա-տռուսիկային էպոպեան» կարծես թե ավարտվեց։ Իշխանություններն ինչքան պետք էր՝ փիառվեցին, ու ամեն ինչ կամաց-կամաց վերադառնում է հնին։ Չէ, ինչ-որ ընտրյալ ընկերություններ էլի շարունակում են զորամասերին շատից-քչից նորմալ սնունդ մատակարարել՝ հընթացս ահռելի գումարներ վաստակելով, բայց ովքեր բանակում ծառայող հարազատ ունեն՝ կարող են փաստել, որ զինվորներին սպիտակեղեն ու տաք հագուստ ուղարկելու «հինավուրց, գեղեցիկ ավանդույթները» վերադարձել են։ Երևի երկրի տնտեսական վիճակը ծանր է, փողը պաշտոնյաների պարգևավճարներին, գրպանի «սիմվոլիկ» ծախսին ու արտասահմանյան գործուղումներին հազիվ է հերիքում, դրա համար էլ իշխանությունները որոշել են զինվորների ամենօրյա ծախսերը նորից դնել նրանց ընտանիքների ուսերին։ Ու ոչ միայն ամենօրյա ծախսերը։ Անգամ հրապարակումներ եղան, որ առաջնագծի շատ հատվածներում զինվորների ծնողներն են փող հավաքում, որպեսզի դրանով տրակտոր վարձեն ու խրամատներ փորեն։ Որովհետև հրամանատարներն ասում են՝ փող չկա, պիտի բահերով փորեք։ Եվ դա՝ «դժբախտ-դժգույն սարերում», որտեղ տարվա 8 ամիսը ձյուն-ձմեռ է։ Համազգեստի մասին ընդհանրապես չենք խոսում՝ այստեղ իշխանությունները միջոցներ խնայելու շատ ավելի կրեատիվ ձև են գտել։ Պարզապես երկարացրել են դրա «շահագործման ժամկետը», այլ կերպ ասած՝ ավելի ուշ-ուշ են տալիս։ Գիշերային դիտարկման սարքերի ու նմանատիպ այլ «թիթիզությունների» մասին, հասկանալի է, խոսելն ավելորդ է։ 

Մի խոսքով՝ զինված ուժերի բարեփոխումները, պարզվեց, նույնպես Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էին ընդամենը այնքանով, որքանով հնարավոր էր դրանք օգտագործել քարոզչական նպատակներով կամ իրեն հավատարիմ գործարարների համար եկամտի լրացուցիչ աղբյուրներ ստեղծելու իմաստով։ Իրենց նպատակին հասան, «քերեցին»՝ ինչքան հնարավոր էր, ու թեման մոռացության մատնեցին։ Չէ՞ որ, իրենց պատկերացմամբ, «խաղաղության օրակարգը» էապես նվազեցնում է բանակի դերը։ Իսկ եթե ժողովուրդն ընդվզի՝ երևի այս անգամ անհրաժեշտ կլինի, որ «ելակը մտնի ոստիկանական ստորաբաժանումները»։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1809 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ