...

Բանակում առկա խնդիրներն ավելի խորքային են

Բանակում առկա խնդիրներն ավելի խորքային են

Միջազգային անվտանգության փորձագետ, Հայաստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի նախկին օգնական Վլադիմիր Պողոսյանը իր վերլուծության մեջ անդրադարձել է վերջին շրջանում բանակում տեղի ունեցող իրադարձություններին, դրանց պատճառներին, զարգացումներին և ներկայացրել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները

Անկեղծ ասած, զինծառայողի մահը բոլորիս համար էլ ողբերգություն է, սակայն միևնույն ժամանակ իմ մոտ պրագմատիզմի զգացողություններ է առաջացնում, և պետական մտածելակերպը ստիպում է այս ամենին այլ կերպ նայել: 

Բանակը հասարակության հայելին է, թերություններ կան ամենուրեք և բոլորի մոտ, ես նկատի ունեմ և՛ կառավարությունը, և՛ խորհրդարանը, համակարգն ընդհանուր առմամբ, հիմա այսպիսին է վիճակը երկրում, քանի որ 20 տարի այս երկիրը թալանել են, չեն թողել զարգանալ, պետական համակարգը՝ իր բոլոր կառույցներով, տեղում դոփել է, այն սպասարկել է ոչ թե երկրին, այլ՝ մի խումբ մարդկանց, տնտեսությունը գործել է ոչ թե մարդկանց համար, այլ մարդիկ են աշխատել տնտեսության, ավելի ճիշտ՝ մի խումբ մարդկանց տնտեսության վրա: Մարդիկ դեն էին շպրտված, յուրաքանչյուրն ինքն իր հետ էր մնացել, գոյատևում էր, ինչպես կարող էր, արդյունքում ունենք այն, ինչ՝ ունենք:

Տղամարդիկ ստիպված էին այլ երկրներում աշխատանք փնտրել՝ ընտանիքը պահելու համար, ամբողջ պատասխանատվությունն ընկած էր կանանց ուսերին, տղամարդու ձեռքը բացակայում էր, հանրությունը չարացած էր, քանի որ երկրում արդարության սկզբունքները փոխարինել էին նպատակահարմարության սկզբունքներով: Բժշկական թանկարժեք սպասարկումը, սոցիալական ծառայությունների, մանկական հոգեբանների թույլ աշխատանքը: Երկրում այսօր գաղափարախոսության դիֆուզիա է, նման վակուումի պայմաններում երկիրը պարտադիր բախվում է օտար գաղափարախոսության արտահանմանը:

Եվ այնուամենայնիվ, եկեք հասկանանք՝ ինչ է ի վերջո տեղի ունենում, ինչ պետք է մենք՝ որպես հասարակություն, կառավարության, խորհրդարանի, քաղաքական գործիչների, մեր մտավորականների, պետական և հասարակական գործիչների հետ համատեղ ձեռնարկենք, բնականաբար՝ նաև զինվորական ղեկավարության հետ:

Գաղտնիք չէ, որ ժամանակակից մարդու ձևավորման վրա հսկայական ազդեցություն են թողնում տարբեր գործոններ, ինչպես՝ կինոն, երաժշտությունը, ԶԼՄ-ները, ինտերնետը: Իսկ ի՞նչ ենք մենք այստեղ տեսնում. քրեական սերիալներ, երաժշտությունը, որտեղ երկու բառը մեկ հնչում է ԿՄԵՌՆԵՄ: Անարդար պետության ֆոնին երիտասարդության մոտ ձևավորվել է մտածելակերպ, որ ճիշտը ուժեղն է և ամեն ինչ կարելի է անել բեսպրեդելի սկզբունքով, իսկ եթե մի բան էլ այնպես չստացվի, փողով հարցերը լուծի: Այդպես է ապրել երկիրը, և այդպես է ձևավորվել երտասարդությունը:

Վերցնենք ձնահոսքի դեպքը, որի արդյունքում զոհվեց երեք զինծառայող: Մի՞թե պետության մեջ որևէ մեկի մտքով չէր անցել, որ անհրաժեշտ է խնդիր դնել և լուծել ձնահոսքի վտանգի վաղ նախազգուշացման մասին հարցը: Այստեղ ուղեղ այնքան էլ պետք չէր, անհրաժեշտ էր համակարգային կերպով մոտենալ բոլոր հարցերին:

Ոչ կանոնադրական հարաբերությունները

Նրանք ոչ թե բանակից են հասարակություն գնում, այլ՝ հասարակությունից բանակ: Այսինքն, 18-ամյա զորակոչիկները ձևավորվում են այդ փիլիսոփայությամբ, իսկ բանակը մի տարվա մեջ պետք է դա ուղղի՞: Խնդիրները ավելի խորքային են, և դրանց պատճառները թաքնված են զորակոչի տարիքից շատ ավելի վաղ ժամանակում: Վերջին դեպքերը ցույց չտվեցին, որ ինքնասպանությունների հիմքում ոչ կանոնադրական հարաբերություններն էին:

Գոյություն ունի ռազմական հակահետախուզություն (ՌՀՀ), որը չի ենթարկվում ոստիկանությանը: Նրանց խնդիրն է ոչ միայն գաղտնիքներ պահել, հակազդել օտարերկրյա հետախուզական ծառայություններին, այլ նաև տեղեկություններ հայթայթել զորամասերում բարոյահոգեբանական մթնոլորտի մասին: Տեղեկություններ ստանալուն պես ՌՀՀ-ն պարտավոր է զեկուցել զինվորական ղեկավարությանը: Բայց քանի որ նրանք չեն ենթարկվում, ապա տեղեկությունը այդպես էլ մնում է իրենց գերատեսչությունում:

Ռազմական հակահետախուզությունը անհրաժեշտ է բանակին ենթարկեցնել և նրանից էլ խստորեն պահանջել: Անհրաժեշտ է ընդլայնել և հզորացնել ռազմական հոգեբանների ինստիտուտը: ՀՀ ՊՆ-ն պետք է պետությանը մասնագետների պատվեր իջեցնի, այդ խնդրի վերաբերյալ Հայաստանի տարածքում գիտաժողովներ անցկացնի՝ հրավիրելով միջազգային մասնագետների: Անհրաժեշտ է միջազգային գիտաժողովներ անցկացնել, միգուցե նույնիսկ նաև ՀԱՊԿ-ի բազայի վրա, քանի որ Համագործակցության մյուս երկրներում էլ են առկա նմանատիպ խնդիրներ:

Անհրաժեշտ է միավորել ՊՆ և ԶՈւ գլխավոր շտաբի ջանքերը և ստեղծել աշխատանքային խումբ՝ հոգեբանների և ուժային ու վերստուգիչ մարմինների մասնագետների ներգրավմամբ: Բանակը պետք է ավելի շատ հաստիքներ և ֆինանսավորում ստանա՝ մասնագետներ հրավիրելու համար, քանի որ դա Ազգային անվտանգության հարց է, իսկ Ազգային անվտանգությունը գին չունի:

ԶՈւ ԳՇ-ն սահմանափակված է իր հնարավորություններում՝ հաստիքացուցակի և ֆինանսավորման առումով: Այսօր ՊՆ-ն և ԶՈւ ԳՇ-ն անջատ են, ինչն էլ հանգեցնում է տարբեր ուղղություններում շահերի բախման: Անհրաժեշտ է միավորել ՊՆ-ն ԳՇ-ի հետ, սակայն դա ոչ միայն իմ տեսակետն է, այլև բազմաթիվ բարձրակարգ մասնագետների:

Նման տարանջատումը ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կհանգեցնի լուրջ հետևանքների:
Հասարակությունը պետք է պայքարի այնպիսի երևույթի դեմ, ինչպիսին՝ ինքնասպանությունն է, դա պետք է խորթ երևույթ դառնա, անհրաժեշտ է նման երևույթների դատապարտման մթնոլորտ ստեղծել: 

Վլադիմիր Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2607 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ