Թանկացել են բենզինն ու դիզելային վառելիքը: Հունվարին 2019թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 0.1 %-ով, իսկ 2019թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.2 % և 0.4 %-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական կոմիտեից:
Ի դեպ, նշենք, որ ՏՄՊՊՀ-ն հրապարակել է «Բենզինի» և «Դիզելային վառելիքի» ուսումնասիրության արդյունքները, ըստ որի, շուկան ունի բարձր կենտրոնացվածության մակարդակ:
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ յուրաքանչյուր տարի «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաների մասնակիցների կազմը ենթարկվել է փոփոխության, մասնավորապես՝ 2017 թվականին «Բենզին» ապրանքային շուկայում ներմուծում է իրականացրել թվով 4 տնտեսվարող, 2018 թվականին տնտեսվարողների թիվն ավելացել է երկուսով: 2019 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ներմուծում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների թիվը կազմել է 5, դրանք են՝ «Սիփիէս օիլ քորփորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Մաքս Պետրոլ» փակ բաժնետիրական ընկերությունը, «Պլատինում օյլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Սիփիէս օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։
Ինչ վերաբերում է «Դիզելային վառելիք» ապրանքային շուկային, ապա 2017 և 2018 թվականների ընթացքում այս ապրանքային շուկայում ներմուծում է իրականացրել թվով 6 տնտեսվարող սուբյեկտ։ 2019 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում այս ապրանքային շուկայում տնտեսվարողների թիվն էականորեն ավելացել է և կազմում է 18:
Տեղեկացնենք, որ ոչ պարենային ապրանքների գները նույնպես աճել են: Հունվարին 2019թ. հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.7% գնաճ, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.3 % գնանկում:
Վիճակագրությունը փաստում է, որ մի շարք ապրանքների գները, սակայն, նվազել են:
Հունվարին 2019թ. դեկտեմբերի համեմատ հագուստի գները նվազել են 3.6 %-ով, տարբեր տեսակի կոշկեղենինը՝ 2.4 %-ով, խոշոր կենցաղային սարքերինը՝ 1.7 %-ով, կենցաղային փոքր էլեկտրական սարքերինը՝ 1.2 %-ով, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու գները՝ 0.3 %-ով, կենցաղային և այգեգործական գործիքներինը, վառելանյութերինը և քսանյութերինը, գրասենյակային պարագաներինը՝ 0.1%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է մաքրող, լվացող միջոցների՝ 0.1%, ոսկերչական զարդերի՝ 0.2 %, կահույքի և կահավորանքի 0.3 % գնաճ, իսկ բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի, գորգերի և հատակի ծածկերի, դեղագործական ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ըստ ԱՎԿ-ի՝ սակագների դեպքում ևս գնաճ է արձանագրվել: Եվ այսպես, մատուցված ծառայությունների ոլորտում հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.2 %, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.3 % հավելաճ: