...

Բժի՛շկ, հասի, մարդ է վատացել

Բժի՛շկ, հասի, մարդ է վատացել

Հայաստանի Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարել է, թե Ադրբեջանի Զինված ուժերի ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին: 

Շուշան Ստեփանյանի այս հայտարարությունը, ըստ ամենայնի, վերաբերում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այն պնդումներին, թե իրենց ռազմական ուժերը երեկ հարձակում չեն գործել հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշյան հատվածում։

Ադրբեջանական հարձակման մասին տեղեկացրել էր Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը՝ հայտնելով, որ հուլիսի 21-ին ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈՒ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Հակառակորդի հատուկ նշանակայինները, բացի կորուստներից, ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Այն, որ Ադրբեջանի իշխանությունը՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, չի տիրապետում իրավիճակին, ակնհայտորեն երևում է Ադրբեջանի նախագահի հայտարարություններից։ Արդեն 10 օր է, ինչ տավուշյան ճակատում ադրբեջանական բանակը պարտություն պարտության հետևից է կրում, սակայն Ալիևը հայտարարում է իրենց տարած ռազմական հաղթանակի մասին։

Արդեն 6-րդ անգամ ադրբեջանական բանակը հարձակվում ու փորձում է առաջանալ հայկական նույն դիրքի ուղղությամբ և խայտառակ ջախաջախումով հետ է մղվում՝ դրա ճանապարհին կորցնելով գեներալ ու գնդապետ, հատուկ ջոկատայիններ ու այլ ստորաբաժանումների զինվորներ, հայկական կողմում թողնելով գերիներ, խփված ու գերեվարված ԱԹՍ-ներ ու այլ ռազմատեխնիկա, իսկ Ալիևը «հաղթականորեն» ճամարտակում է իր բանակի հաջողությունների, Հայաստանի պարտության ու մեծ կորուստների մասին։

Ալիևը իրավիճակին չի տիրապետում բոլոր առումներով, ինչից կարելի է ենթադրել, որ կամ նրա շրջապատը տեղի ունեցողի մասին իրեն սխալ է զեկուցում, կամ ինքը՝ հայտնվելով մատային վիճակում, այդ վիճակից այլ ելք չի տեսնում, քան բացահայտորեն 100 հարկանի ստեր հորինել ու ներկայացնել հանրությանը։

Ահա, օրինակ, Ալիևի բազմահարկ ստերից մեկը. «Հայաստանին ջախջախիչ հարված հասցնելուց հետո նրանք անմիջապես վազեցին ՀԱՊԿ-ի մոտ օգնության։ Պահանջում էին, որպեսզի  ՀԱՊԿ-ը հանդես գա Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ»:

«Հայաստանին ջախջախիչ հարված հասցնելու» մասին արդեն ասացինք, որն այն աստիճան սուտ է, որ դա առանձնապես հերքել էլ պետք չէ։ Ալիևի վերջին օրերի ջղաձիգ, մտավոր ու հոգեկան անհավասարակշիռ վիճակն ինքնին փաստում է, թե Տավուշյան միկրոպատերազմում ով է հաղթողը, ով՝ պարտվողը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի մասով Ալիևի ասածին, նա այստեղ էլ է ստում։ Իրականությունն այն է, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ-ի անդամ երկիր, այս կառույցին տեղեկացրել է իր տարածքում տեղի ունեցածի մասին, որը պահանջվում է կանոնակարգով։ Միաժամանակ Հայաստանը տեղեկացրել է, որ իրավիճակը գտնվում է իր վերահսկողության տակ և օգնության կարիք չկա։ ՀԱՊԿ-ի մասով իրականությունը սա է։

Ալիևի մտահոգեկան լարված վիճակը մատնում է նրա ծիծաղելի, տղայական մեկ այլ հայտարարություն՝ ուղղված Հայաստանի ղեկավարությանը։ Ասում է՝ մեր դեմ մեն-մենակ կռվի դուրս եկեք ու կտեսնենք, թե ով կհաղթի։ Այստեղ են ասել՝ բժի՛շկ, հասի, մարդ է վատացել։ 

Դեմ առ դեմ, մեն-մենակ կռվելու մասին խոսում է մի մարդ, մի պետության ղեկավար, որի բանակն ամեն օր «ինստրուկտաժ» է անցնում թուրքական բանակային ղեկավարության կողմից, օրումեջ իր բանակի ղեկավարներն այցելում են Թուրքիա՝ նյութական ու խորհրդատվական օգնության համար, թուրքական ռազմական ինքնաթիռները կոնկրետ ռազմամթերք են մատակարարում իր բանակին։ Այս ամենը դեռ քիչ է, հենց ինքն էլ հրապարակային ու հպարտությամբ հայտարարում է, թե Թուրքիայի նախագահ Էրդողանն իրեն ասել է՝ Թուրքիան մինչև վերջ ձեր կողքին է։

Ամենայն հավանականությամբ Իլհամ Ալիևը չի տիրապետում ոչ միայն արտաքին ու ռազմական ճակատի իրավիճակին, այլև՝ ներքաղաքական կյանքի, ինչն էլ, ըստ երևույթին, էլ ավելի է սրել նրա՝ առանց այն էլ սուր ջղաձիգ վիճակը։ Ներքաղաքականի պահով նա կարող է դիմել ու խորհուրդ հարցնել Սերժ Սարգսյանից։ Երկու տարի երկու ամիս առաջ վերջինս էլ չէր տիրապետում իրավիճակին։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1214 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ