- Բարև Ձեզ, պրն Փաշինյան։
- Նախ և առաջ, ես հիմա Փաշինյան չեմ, ես Փաշինյանի ժամանակավոր պաշտոնակատար եմ։
- Լավ, ամեն դեպքում՝ սկսենք սահմանային լարվածությունից։ Ի՞նչ կարող եք ասել, օրինակ, Տավուշի մասին։
- Ի՞նչ պիտի ասեմ։ Ընձառյուծը հասել ա Տավուշ, Ենոքավանում զբոսաշրջությունն ավելացել ա 319 տոկոսով․․․
- Չէ, չէ, խոսքը մի քանի գյուղեր Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ խոսակցությունների մասին է։
- Ես ասել եմ ու էլի եմ ասում։ Տավուշ չի՛ լինելու։ Վե՛րջ Տավուշին, վե՛րջ Տավուշին, վե՛րջ Տավուշին։
- Բայց ոնց որ թե Տավուշ չէիք ասում, թավիշ էիք ասում․․․
- Չէ, սխալ եք լսել։ Ինչ վերաբերում է անվտանգության կոնկրետ միջոցառումներին, ապա ես Տավուշի գյուղացիներին առաջարկել եմ խոզ պահել։ Ադրբեջանցիները խոզ չեն ուտում, երևի ձեռք չեն տա։
- Իսկ ի՞նչ կասեք Սյունիքի մասին։
- Չհասկացա, ձեր կարծիքով պետության ղեկավարը ուրիշ բանուգործ չունի՞, պիտի անձամբ էդ հարցերով զբաղվի՞։ Սպասի մի հատ զանգեմ կնոջս ժամանակավոր պաշտոնակատարին․․․
- Իսկ ինձ թվում էր՝ պաշտպանության նախարարին կզանգեք։
- Հա, էդ մեկը մտքովս չէր անցել։ Ալո՛, Վաղո՞։ Ո՞նց թե կակռազ բացակա ընկերների կենացն էիք խմում։ Ես դա չե՛մ հանդուրժի։ Մենակ-մենա՞կ։ Լավ, կգամ՝ կխոսենք։
- Ի դեպ՝ ճի՞շտ է, որ հայկական բանակը հիմնականում վերականգնել է պատերազմում կորսված սպառազինությունները։
- Հա, բա իհարկե։
- Օրինակներ կբերե՞ք։
- Դե օրինակ՝ բռոնիժիլետս վրաս էրկու ռազմեր փոքրացել էր, համ էլ սառոչկիս տակից էրևում էր, նախարարի ջիպի կարբուրատորը փոխել ենք․․․
- Ես նկատի ունեի բանակի սպառազինությունն ու սահմանային լարվածությունը․․․
- Բայց ի՞նչ լարվածություն։ Ուղղակի Պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ հանդես չի գալիս, որովհետև Արծրունը Ամերիկայում ա, էնտեղ հիմա գիշեր ա․․․ Չնայած՝ մի րոպե հեռախոսիս մեջ նայեմ, կարող ա նախօրոք մի քանի հատ զապաս հայտարարություններ գրած լինի։ Հա, էս ա․ «Պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է ադրբեջանական կողմի առաջխաղացման վերաբերյալ ստահոդ լուրերն ու հավաստիացնում, որ լիովին վերահսկում է Ջրվեժից Նոր Նորք իջնող ճանապարհն ու Ավան-Առինջի մատույցները․․․»։
- Եվ վերջին հարցը։
- Չէ, էլ ոչ մի հարց, շտապում եմ։ Պիտի գնամ Վաղոյի մոտ խորհրդակցության, թե չէ ես դրանց տեմպերը գիտեմ, մի քիչ ուշանամ՝ օրակարգը սպառելու են։