- Պրն Փաշինյան, Ձեր վերջին ասուլիսի ընթացքում ժամանակի սղության պատճառով ոչ բոլոր հարցերը հնչեցին, ուստի թույլ տվեք ևս մի քանի հարց հնչեցնել։ Ռուսաստանի վարչապետ Միշուստինը Երևանում էր, ինչ-որ միջավայրում նույնիսկ հայերեն խոսեց, բայց այդպես էլ առանձին չհանդիպեց Ձեզ հետ․․․
- Դե նենց չի, որ մենակ հայերեն ա խոսել։ Օրինակ՝ որ զանգել էի հանդիպում խնդրեմ, ինձ թուրքերեն բառով պատասխանեց։ Այնպես որ՝ Ռուսաստանը միշտ էլ կողմերի միջև հավասարակշռությունը պահպանում է։
- Պրն Փաշինյան, ճի՞շտ է, որ 200 հազար դոլար եք հատկացնում Ալեն Սիմոնյանի համար ծառայողական նոր ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով, մինչդեռ բյուջեում շատ ավելի կարևոր ծրագրերի համար փող չկա։
- Փող չկա, դրա համար էլ նման քայլերի ենք դիմում։ Հարցին պիտի նայել կոմերցիոն տեսանկյունից։ Տեսեք՝ Ալենչոյի նոր ավտոյի լուրը լսելուց հետո ոնց էլ լինի՝ մի հազար հոգի նրա մասին կարծիք կհայտնի։ Ամեն մեկից 300 հազար տուգանք՝ էդ արդեն եղավ 600 հազար դոլարից ավելի լրացուցիչ եկամուտ, շահութաբերությունը՝ 200 տոկոսից բարձր։ Հիմա մեզ այ այդպիսի ներդրումային ծրագրեր են պետք։
- Իսկ ինչպե՞ս պիտի բացահայտեք այդ հազար հոգուն։
- Բա ԱԱԾ-ն ինչի՞ համար ա։ Հա, լավ հիշեցրեցիք, մի րոպե զանգեմ․․․ Ալո՛, Աբա՞զ։ Չէ, Ալենչոյի մոմենտով չեմ զանգել։ Էն Չեխովի գործը ի՞նչ էղավ, հայտնաբերեցի՞ք։ Դե հայտնաբերեք, գործը հարուցեք ու զեկուցեք։ Հա, ի՞նչ էիք հարցնում։
- Ի՞նչ Չեխովի գործի մասին է խոսքը, պրն վարչապետ։
- Էն օրը ֆեյսբուքն էի քրքրում, դրա պատմվածքներից մի քանիսի վերնագրերը կարդացի ու հասկացա, որ Հայաստանի ու անձամբ իմ հասցեին զրպարտչական տարրեր կան։ «Հիվանդասենյակ համար 6», «Աննան վզից կախ», «Քամելեոնը» ․․․ Նաղդ 900 հազար դրամ փող ա, մենք էլ Աննայի հետ Նոր տարվա տակ Բրյուսել ենք գնում, գիտե՞ք ինչ լավ զեղչերի սեզոն ա։
- Բայց Չեխովը վաղուց է մահացել։
- Մահացել ա՞։ Բա ինչի՞ ինձ չեն զեկուցել։ Մահացել ա՝ մենք էլ չենք թողնի Պանթեոնում թաղեն, այ քեզ բան․․․
- Լավ, պրն Փաշինյան, Դուք հայտարարեցիք, որ վերջին երեքուկես տարիների ընթացքում Ձեզ համար ամենածանր հարվածը եղել է ոչ թե նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան, այլ ՀՀ դրոշը գետնին դրած երիտասարդին գործից հանելու հանրային արձագանքը։ Իսկ ո՞րն է եղել երկրո՛րդ ամենածանր հարվածը։
- Չեք հավատա, բայց ասեմ՝ ամենածանր հոգեկան ապրումներն ունեցել եմ, երբ Սամվել Լիմինդրովիչը զանգեց ու ասաց, որ «Վարչապետ» արաղների վաճառքի ծավալները կտրուկ նվազել են․․․
- Շնորհակալություն անկեղծ զրույցի համար։