...

Բլից-վիրտուալ Ռոբերտ Քոչարյանի հետ

Բլից-վիրտուալ Ռոբերտ Քոչարյանի հետ

- Պրն Քոչարյան, նոյեմբերի 8-ին պատրաստվում էիք դիմադրության շարժում սկսել, բայց հանրահավաքը կարծես թե առանձնապես մարդաշատ չէր․․․

- Ո՞վ ասեց։ Մեր թղթերով լավ էլ մարդաշատ ա եղել։

- Ի՞նչ թղթեր։

- Ֆինանսական։ Հաշվարկ կա, բան կա, էդ 5 հազարական դրամները հո հենց նենց չե՞նք բաժանել։ 

- Այսինքն՝ միտինգի գալու համար փո՞ղ եք բաժանել։

- Չենք բաժանել, խրախուսել ենք։ Հայերեն ասած՝ խրախույս ենք տվել։ Մենք ազգի փրկության համար ոչինչ չենք խնայի։

- Դուք խոսում էիք նաև բարիկադների մասին, որ ինքներդ անձամբ լինելու եք բարիկադների վրա․․․ Գավրոշի մասին կարդացե՞լ եք։

- Ժյուլ Վեռնն ա՞ գրել։

- Ոչ, Հյուգոն։

- Հյուգոն կաստումի ֆիրմա չի՞։

- Լավ, լավ․․․ Հայտարարեցիք նաև, որ պարտությունը սկսվել է այն ժամանակ, երբ սկսեցին հերոսներին հետապնդել։ Պատահաբար չե՞ք հիշում, թե Վազգեն Սարգսյանը ում նախագահության օրոք է սպանվել․․․

- Հա, բայց չեն հետապնդել, չէ՞։ Համ էլ՝ Նիկոլը պատերազմ հրահրեց, որովհետև հայտարարեց, թե Արցախը Հայաստան է, և վերջ։ Բա Արցախը Հայաստան ա՞։

- Դե Դուք էլ մինչև 1997-ը ապրում էիք Արցախում, բայց 1998-ին տեղեկանք բերեցիք, որ վերջին 10 տարիներին մշտապես բնակվել եք Հայաստանում։

- Նախկիններն էին մեղավոր։ ՀՀՇ-ի հանցավոր իշխանության տարիներին առանց էդ տեղեկանքի չէի կարող նախագահ դառնալ, իսկ եթե նախագահ չդառնայի՝ Ղարաբաղը ծախելու էին։

- Բայց Ղարաբաղի տարածքը հենց այդ իշխանության տարիներին էր մեծացել երեք անգամ, իսկ Ձեր իշխանության տարիներին տարածքային ձեռքբերումներ չեն եղել։

- Ո՞նց թե չեն եղել, արդեն նյարդացնում եք։ Համ ասում եք հունական կղզիներ եմ առել, համ ասում եք տարածքային ձեռքբերումներ չենք ունեցել։

- Ի դեպ, հանրահավաքում խոսեցիք նաև կոռուպցիայի և գանձագողության մասին․․․

- Դե ամեն մարդ ինչից հասկանում ա՝ դրանից պիտի խոսի։ Մեր տունը հենց պրոֆեսիոնալիզմի բացակայությունն ա քանդել։

- Ամեն դեպքում ինչպե՞ս եք բացատրում, որ մարդիկ այս իշխանություններից ահավոր հոգնած ու զզված են, բայց Ձեր հանրահավաքին համարյա մարդ չկար։ Գուցե պատճառը Ձեր ա՞նձն է։

- Դե մինչև ֆինանսական վերջնահաշվարկ չանենք՝ չենք հասկանա, թե ինչի էր քիչ մարդ եկել, բայց իմ անձը կապ չունի։ Երեքուկես տարի առաջ չէ՞ր, որ մի կիսագրագետ կոռումպացված գեղացի էդքան մարդ դուրս բերեց փողոց, ես ինչո՞վ եմ պակաս։ Ես էլ եմ նույն ձևի, ես էլ եմ Լևոնից վառված, ես էլ եմ Սերժին մերժում, ինչի՞ պիտի ինձ մոտ չստացվի։

-Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6445 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ