- Պրն Սարգսյան, դուք հեղափոխությունից հետո գրեթե մեկուկես տարի հրապարակային ելույթ չէիք ունեցել: Ինչո՞ւ հիմա խոսեցիք:
- Դե, գիտեք, հայտնի բան է, որ հարցազրույցներից չի վախենում միայն կատարյալ հիմարը։ Ես ցույց տվեցի, որ հիմար չեմ:
- Այսինքն, դուք որոշել եք հնարավորինս քի՞չ խոսել:
- Այո, ու ես որոշում փոխող չեմ, միշտ հավատարիմ եմ մնացել իմ սկզբունքներին, դավանել գաղափարական նույն արժեքները: Կենսագրությունս նայեք. հավատարիմ եմ եղել կոմսոմոլին, հետո՝ ՀՀՇ-ին, հետո՝ ՀՀԿ-ին:
- Ձեր հեռանկարների հետ կապված մտավախություններ չունե՞ք:
- Չէ, ինչի՞: Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ: Բայց ես սիրում եմ իմ հայրենիքը, իմ ժողովուրդը, և եթե Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, «Հոկտեմբերի 27»-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, ի՞նչ ասեմ, թող ձերբակալեն:
- Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը:
- Այդ հարցը ուղղեք Հրայր Թովմասյանին: Թող տակից ոնց ուզում ա, դուրս գա:
- Բայց շատերն են ասում, որ Հրայր Թովմասյանին ՍԴ ուղարկելու և ցմահ նշանակելու սցենարը դուք իր և Գագիկ Հարությունյանի հետ եք մշակել:
- Մենք օրենքի տառին ու ոգուն համապատասխան ենք գործել: Ամեն ինչ ընտիր գնում էր, բայց դե Արա Բաբլոյանը սաղ համը հանեց: Էն գլխից էլ չէի ուզում դրան ԱԺ նախագահ դարձնել:
- Ինչո՞ւ:
- Այդպես էլ քաղաքական գործիչ չդարձավ, բժիշկ մնաց: Խորհրդարանի կայքը վիրահատարան չի, որ մի ֆայլ հեռացնես, տանես մի ուրիշ տեղ պատվաստես:
- Եվ ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում:
- Շատ պարզ. Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է ՍԴ-ի համաձայնությունը: ՍԴ-ի համաձայնության համար էլ անհրաժեշտ է իմ համաձայնությունը:
- Այսինքն, դուք չե՞ք տա ձեր համաձայնությունը:
- Բա մի ժամ է, ի՞նչ եմ ասում. որ ես սիրում եմ իմ հայրենիքը, իմ ժողովուրդը, և եթե Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելով մեր իշխանությունները գոհ ու երջանիկ լինեն, իհարկե, կտամ իմ համաձայնությունը: Վախենալու բան չունեմ:
- Շնորհակալություն հարցազրույցի համար: