«Թևերը քշտած մտել են բյուջեի մեջ և 120 միլիոն դոլարի պարգևավճար են բաժանում. դա կոռուպցիա է»:
Հայտարարության հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է:
«ՉԻ». Իսկ ոմանք դեռ հրաշքների չեն հավատում: Այս դեպքի համար է ասված՝ բնությունն այնքան է մաքրվել, որ Քոչարյանը սկսել է խոսել կոռուպցիայից:
Երբ ամբաստանյալ Քոչարյանը խոսում է կոռուպցիայից, նույնն է, թե Չիկատիլոն մտավարժանքներ աներ մանկավարժությունից և փիլիսոփայեր՝ արժե՞ արդյոք երեխաներին անկյուն կանգնեցնել, թե՞ ոչ:
Երբ ամբաստանյալ Քոչարյանը խոսում է կոռուպցիայից, նույնն է, թե Շմայսը մտավարժանքներ անի էթիկետի վերաբերյալ:
Այս տեմպերով Լևոն Քոչարյանն էլ դատողություններ կանի հովանավորչության և ապօրինի հարստացման վնասակարության, իսկ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանը՝ պետական պաշտոնն անձնական հարստացման համար օգտագործելու անթույլատրելիության մասին:
Իհարկե, կարելի է ևս որոշ ժամանակ օգտվել դատարանների հանցավոր անգործությունից ու իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունից՝ շտկելու իրավիճակը, բայց կոռուպցիայի դեմ պայքարի անխոնջ մարտիկը չպետք է մոռանա, որ երկու տարի առաջ մտքի ծայրով էլ չէր անցկացնում վիրահատել մարմնի այս կամ այն օրգանը, միայն թե հետաձգի դատավարությունը:
Ինչ վերաբերում է պարգևավճարներին: Դրանց հասարակական լեգիտիմություն տալու լավագույն բաղադրատոմսն այն է, որ Քոչարյանը խոսում է դրա դեմ: