...

«Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզի» մանդատը

«Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզի» մանդատը

Ալիևը մաչոյի կեցվածքով հայտարարում է, թե «Արևմտյան Զանգեզուրն» էլ է վերցնելու, «Բասարգեչարն» էլ, ու քմծիծաղով ցույց է տալիս այն ճանապարհը, որով պատրաստվում է հասնել Սևան, իսկ Նիկոլ Փաշինյանն այդ ընթացքում ամենևին էլ ոչ մաչոյական կեցվածքով այստեղ-այնտեղ դուռում է «խեղդում», «տժժում» Գյումրիում կամ որևէ այլ տեղ ու կարգադրում ասֆալտին փռել անհնազանդ համայնքապետարանների աշխատակիցներին։

Հարց է ծագում՝ երկուսից ո՞վ է ավելի համարժեք ընկալում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Ակնհայտ է, որ Հայաստանը պիտի պատրաստվի նոր ու շատ ծանր պատերազմի։ Դրանից խուսափել հազիվ թե հաջողվի, որովհետև Ադրբեջանը խաղաղության համաձայնվելու է միայն այն դեպքում, եթե տեսնի, որ պատերազմով արդեն ինչքան կարող էր՝ վերցրել է, ու այլևս առաջ գալ չի կարող։ Ընդ որում՝ միջազգային հանրության վրա հույս դնել առանձնապես չարժե։ Ինչքան Ադրբեջանին օգնեցին, երբ հայկական բանակը մտավ, ասենք, Ջեբրայիլ, այնքան էլ մեզ են օգնելու, եթե ադրբեջանական բանակը փորձի մտնել, ասենք, Գեղարքունիք կամ Տավուշ։ Խիստ հայտարարություններ, իհարկե, կանեն, հնարավոր է՝ նույնիսկ պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ, բայց միևնույն է՝ մեր սահմանները մենք պիտի պաշտպանենք։ Մինչդեռ մեր իշխանություններն ու նրանց աջակիցները  շարունակում են ապրել «ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզի» կյանքով՝ ասես ոչինչ էլ չի եղել, այդպես էլ պիտի լինի, թշնամին պիտի ամեն օր գնդակոծի մեր բնակավայրերն ու խոսի պատերազմի երկրորդ փուլի մասին, և այլն։

Քանի՞ բուլդոզեր է աշխատում Հայաստանի սահմանների վրա, և քանի՞սը՝ Երևանի «էլիտար շինհրապարակներում»։ Այնպիսի տպավորություն է, թե արդեն որոշվել է, որ Հայաստանը պիտի մի քանի մարզ կորցնի, այդ մարզերի բնակչությունը պիտի լցվի Երևան, ու արդեն այսօրվանից Երևանում ահռելի ծավալներով շինարարություն է իրականացվում։ Ընդ որում՝ հայտնի չէ, թե ինչ գումարներով։ Փաստորեն Հայաստանը բացառիկ է ոչ միայն նրանով, որ պարտված իշխանությունները վերընտրվում են ու հրաժարվում պաշտպանել սեփական սահմանները, այլև նրանով, որ երևի աշխարհի միակ երկիրն է, որտեղ բնակչության կեսից ավելին պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում արտագաղթել, բայց ահռելի ծավալներով բնակարանաշինություն է ընթանում, անշարժ գույքի գներն էլ աճում են։ Ի՞նչ է տեղի ունենում, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել։ Որևէ մեկը կարո՞ղ է տրամաբանական բացատրություն գտնել այն փաստի համար, որ թշնամին մեզ սպառնում է նոր պատերազմով ու օր օրի թեժացնում իրավիճակը, իսկ մենք կրճատում ենք բանակի թվակազմն ու անգամ պայմանագրային զինծառայողների սննդի գումարն ենք շատ համարում։ Ինչո՞ւ են ավելի շատ բռնաճնշումների ենթարկվում հատկապես այն մարզերի ՏԻՄ ներկայացուցիչները, որոնց ուղղությամբ թշնամու ոտնձգություններն ավելի ինտենսիվ են։ Գուցե այդ հարցով է՞լ են Փաշինյանն ու Ալիևը «բանավոր փոխըմբռնման հասել», թե՞ պարզապես Հայաստանի իշխանությունները խաղաղության հասնելու իրենց ծրագիրն ունեն ու փորձում են անել ամեն ինչ, որ հանկարծ անսպասելի խանգարող հանգամանքներ չլինեն։

Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն գիտեն ավելին, քան ասում են, ընդ որում՝ իրենց ասածն ու իրականությունը տրամագծորեն հակադիր են։ Բայց իշխանություններն իրականությունը ներկայացնելու պարտավորություն չունեն։ Նրանք ընդամենը «ինչ կուզենք՝ կանենք»-ի մանդատ են ստացել։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3169 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ