Ընտրարշավը, որի հիմնական իմաստը ստեղծված իրավիճակից ելքերի փնտրտուքը պիտի լիներ, ի վերջո վերածվեց իշխանության համար պարզունակ պայքարի։ Պարզվեց՝ ոչ միայն կրկեսի վերածելու հայրենիք ունենք, այլև տաղանդավոր ծաղրածուների ավելցուկ։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այն իրավիճակը, երբ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 26 ուժերից 25-ը բացահայտորեն խաբում են ժողովրդին ու միմյանց դեմ մրցում, թե ով ավելի լավ կխաբի, և միայն մեկն է ձգտում թույլ չտալ, որ ժողովրդին հերթական անգամ խաբեն։ Ու բացարձակապես նշանակություն չունի՝ այդ 25 ուժերը գիտակցաբա՞ր են խաբում, թե՞ չհասկանալով։ Նշանակություն չունի նաև, թե ինչպես են խաբում։ Մեկը կարող է նվաստացումից ու հուսահատությունից խելագարված ժողովրդի առջև «խոնարհվելու» համար մարզից մարզ գնալ այնպիսի շարասյունով, որի միայն ավտոմեքենաների գումարային արժեքը առնվազն 25-30 միլիոն դոլար է, ու տեղ հասնելուն պես մուրճով սպառնալ տեղական կոռումպացված չինովնիկներին, մի ուրիշը կարող է խաբել դեմքի լուրջ արտահայտությամբ, երրորդը՝ շինծու վշտով ու դատարկ հայրենասիրությամբ, չորրորդը՝ ամերիկյան կամ ֆրանսիական աջակցության մասին ցնդաբանություններով, հինգերորդը՝ ժողովրդին մեկ միլիարդ դոլար նվիրելու խոստումներով․․․ Ի՞նչ տարբերություն։
Եվ անկասկած՝ հաջողելու են, որովհետև սոցիալական ահավոր պայմաններում գտնվող, անորոշությունից ու հուսահատությունից խելագարության շեմին հասած ժողովուրդը չի ուզում լսել ճշմարտությունը և ուզում է, որ իրեն խաբեն։ Ու իր ձայնը տալու է նրան, ով ավելի գեղեցիկ կխաբի կամ ում սուտն ավելի ականջահաճո կլինի։ Այդպես է, ծաղրածուների մրցույթում լրջությունը տեղ չունի։ Անկախ նրանից, թե բանականությունը կորցրած հանդիսատեսը որ ծաղրածուի ուղղությամբ նեխած ձվեր կշպրտի և որին կծափահարի՝ փաստն այն է, որ քաղաքական դաշտը կրկեսի է վերածվել։
Հասկանալի է, որ 44-օրյա աղետալի պատերազմի շոկը դեռ չի հաղթահարվել, ու ժողովրդի մեծամասնությունը դեռ մինչև վերջ չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել։ Ովքեր էլ հասկացել են՝ գերադասում են մնալ կոմֆորտի դաշտում ու ոչ միայն չխոսել այդ մասին, այլև շարունակել խաբել՝ ընտրություններում մի քանի տոկոս ավել ձայն թռցնելու հույսով։ Բա հո չե՞ն ասելու, որ Հադրութն ու Շուշին այսօր իրենց փաստացի վիճակով շատ չեն տարբերվում, օրինակ, Կարսից ու Իգդիրից, և Հադրութն ու Շուշին վերադարձնելու մեր շանսերը գրեթե նույնպիսին են, ինչպիսին Կարսի ու Իգդիրի դեպքում։ Հետո՞ ինչ, որ մի դեպքում կորուստը եղել է հարյուր տարի առաջ, մյուս դեպքում՝ ամիսներ առաջ։ Դրանից ի՞նչ է փոխվում։ Փոխարենը ավելի հեշտ ու շահեկան է «Հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան» երգին ևս մի տուն ավելացնելն ու առաջիկա տասնամյակների արտաքին քաղաքականությունը դրա վրա կառուցելը։ «Ջանդամը», թե արդյունքը նույնը չի լինի, ինչը եղավ պահանջատիրությունը պետական քաղաքականության հիմքում դնելու և չորս հարևաններից երեքի հետ սահմանը ճակատ անվանելու դեպքում։ Կարևորն այս պահին ռազմահայրենասիրական քարոզարշավ իրականացնելու հնարավորությունն է, համ էլ՝ այդպես կարելի է Սփյուռքից փող-բան «կպցնել», կամ եթե չստացվի՝ գոնե մի 100 հատ «պիկապ»։
Ինչևէ։ Քարոզարշավը մոտենում է ավարտին, և ընդամենը մի քանի օր է մնացել՝ մարդկանց բացատրելու համար, որ գլխի հիմնական ֆունկցիան այնուամենայնիվ անհոդաբաշխ բաներ ճղճղալն ու ծամելը չէ, ականջներն էլ ոչ թե լապշա կախելու համար են, այլ տրամաբանված խոսք լսելու և ուղեղին հասցնելու համար։ Կստացվի՝ լավ, չի ստացվի՝ հաջորդ «ելքն» արտագաղթն է լինելու։ Եվ որևէ նշանակություն չի ունենալու՝ ավիափոխադրումների մենաշնորհը Նիկոլի՞ «սրտի օլիգարխին» կպատկանի, թե՞ Քոչարյանի կամ մեկ ուրիշի։
Մարկ Նշանյան