...

Ծանր հոգեխանգարմունքի մեջ են ընկել

Ծանր հոգեխանգարմունքի մեջ են ընկել

Երեկ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը մոտ մեկ ժամանոց հանդիպում է ունեցել ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, զրույցի հիմնական թեման եղել է Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը:

Հանդիպումից հետո դեսպանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Տեր-Պետրոսյանի լուսանկարները և տակը գրել. «Այսօր ես ականջ էի դնում նրա ձեռքերին, որոնք մի անգամ երկիրն անկախության էին տարել»։ Ընդամենը մի նախադասություն:

Վա´յ: Դուք միայն պետք է տեսնեիք, թե ֆեյսբուքյան պատերի տակ ինչ վնգստոցներ էին լսվում: Կաղկանձ, ոռնոց, ո՞նց թե դեսպանը նման բան է գրել: Դեսպանի էջում էդ ինչե՞ր էին գրում: Գրողների հիմնական մասսան քոչարյանադաշնակցանիկոլառազմահայրենասիրաոչմիթիզականներն էին: Համատարած փսիխոզի մեջ էին ընկել: Ձեզ բան ենք ասում՝ դեսպանի գրառումն ավելի ծանր են տանում, քան Շուշիի անկումը:

Ֆրանսիացի դիվանագետի հասցեին վիրավորանքների, լուտանքների, հայհոյանքների մի այնպիսի հեղեղ էին թափել, կարծես ինչ-որ ծանր հանցագործություն է տեղի ունեցել:

Բա մեկնաբանություննե՞րը: Էս մասսան հաստատ սաղ գիշեր չի քնել: Տանջվել են, թե ինչու է դեսպանը նման գրառում կատարել:

Դե, հասկանալի է, սրանց մի մասը պիտի համոզմունք հայտներ, որ Ջոնաթան Լաքոթը լևոնական է: 

Մի քանի դեմք խորը վերլուծություն են արել, թե Արցախը հանձնեցին, ու հիմա Արևմուտքը, ՆԱՏՕ-ն որոշել են հակահարձակման անցնել ու Լևոնին ակտիվացնել, խաղի մեջ մտցնել: Թե ինչ խաղի մեջ, չեն ասում, որտեղ ակտիվացնեն, դա էլ չեն ասում: Բայց, ՆԱՏՕ-ն՝ Լևոնին: Այն Լևոնին, որը 1997 թվականին հայ-ռուսական բարեկամության մեծ պայմանագիր է կնքել, որը մինչև հիմա գործում է: 

Մի երկու «դիկաբրազ» էլ գրել են, թե Արևմուտքն ուզում է Ռուսաստանի ազդեցությունը Արցախում թուլացնել: Այ դրա համար էլ հանդիպել են Տեր-Պետրոսյանի հետ: Ասել են՝ արի, մի բան արա, որ ռուսները մենակով «ռուլիտ» չանեն Ղարաբաղում: Խոսքը նույն Լևոնի մասին է, որը մեռավ ասելով, թե ընդունեք Լավրովի պլանը, ռուսները խաղաղապահ ուժեր մտցնեն հակամարտության գոտի: 

Ընդ որում, այս զառանցանքների հեղինակները ֆեյքեր չեն, այլ իրական մարդիկ: Մի մասը բարձրագույնավարտ է, մեջները անունով քաղաքագետներ, վերլուծաբաններ ու այդ կարգի դեմքեր կան: 

Ու այս բոլոր դավադրապաշտական մեկնաբանությունները դեսպանի մի գրառման արդյունք են: Դեսպան է, հանդիպել է երկրի առաջին նախագահի հետ: Հիմա, մարդ է, կարող է տպավորվել է Տեր-Պետրոսյանի մաքուր ֆրանսերենից կամ մտքի շարադրանքից, հստակ դատողություններից, ճշգրիտ գնահատականներց: Չենք կարող ասել, բայց որևէ արտառոց բան դեսպանի խոսքում մենք չտեսանք: Բայց ո՜նց են վառված մի նախադասությունից:

Ինչ ուզում եք, ասեք, բայց էս մեկն աքսիոմատիկ ճշմարտություն է. Լևոն ու անկախություն բառերը, որոնք նշված էին դեսպանի ստատուսում, իսկապես հոգեխանգարմունքի մեջ են գցում մեր նշած էն երկար անունով զանգվածին:

Դեսպանին գյոզերով խնդրենք, շաբաթը մեկ նման ստատուս գրի, բալքիմ հոգեխանգարմունքից ու վշտի ծանրությանը չդիմանալով՝ այս բիոզանգվածը վերանա, նորմալ երկիր կառուցելու հեռանկարներ բացվեն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2586 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ