Այսօր կյանքից անժամանակ հեռացավ հայկական դիվանագիտական կորպուսի ամենաակնառու ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀ նախկին փոխարտգործնախարար և դեսպան Ռուբեն Շուգարյանը:
Հայաստանի անկախության առաջին իսկ օրերից Ռ. Շուգարյանն անմնացորդ կերպով լծվել է հայկական անկախ դիվանագիտական դպրոցի կայացմանը:
1992-1993 թվականներին եղել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար։ Դրանից հետո անցել է դիվանագիտական աշխատանքի:
1993-1999 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը: 2001-2005 թվականներին եղել է ՀՀ փոխարտգործնախարար, 2005-2008 թվականներին՝ Հայաստանի դեսպան Իտալիայում:
2008 թվականին՝ ի նշան բողոքի ընդդեմ նախագահական ընտրություններում թույլ տված կեղծիքների և բռնությունների, մի խումբ դիվանագետների հետ միասին կոչ է արել միանալ համաժողովրդական ընդդիմադիր շարժմանը, որի պատճառով ազատվել է աշխատանքից:
Ռ. Շուգարյանի դիվանագիտական աշխատանքի շնորհիվ հայ-ամերիկյան հարաբերությունները դինամիկ զարգացում ապրեցին: Ամերիկյան իշխանությունները արցախյան պատերազմի տարիներին մի շարք կարևորագույն որոշումներ և բանաձևեր ընդունեցին, և դրանում մեծ էր Ռ. Շուգարյանի ավանդը:
Ռուբեն Շուգարյանը 58 տարեկան էր, ուներ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան, Թաֆթս համալսարանի պրոֆեսոր էր:
«Չորրորդ իշխանությունն» իր ցավակցությունն է հայտնում Ռ. Շուգարյանի ընտանիքին, գործընկերներին, հարազատներին: Հայկական դիվանագիտությունը մեծ կորուստ ունեցավ: