Հրայրը հեռացողը չէ
Անցնող շաբաթվա ընթացքում բոլորը սպասում էին, որ ՀՀ Սահմանադրական դատարանը կմերժի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու՝ ՀՀ Ազգային Ժողովի դիմումը: Բոլորը, բացի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից: Համենայնդեպս, մի քանի հոգի այնպիսի զարմացած տեսքով էին ասում, թե ՍԴ-ի որոշումը՝ դիմումը վարույթ չընդունել, իրենց համար անսպասելի էր, կարծես ուրիշ ինչ կարելի էր սպասել այս կազմով ու որակով ՍԴ անդամներից:
Ճիշտ է, տարբեր հարթակներում, մասնավոր զրույցներում «Իմ քայլի» որոշ պատգամավորներ ասում էին, որ իրենք էլ գիտեն, որ ՍԴ-ն մերժելու է, ուղղակի սրանով շանս են տալիս նրանց խելքի գալ, վերջապես օրինականության հունի մեջ ընկնել:
Մենք բազմիցս ենք նշել, ու պատմությունը դա միայն հաստատում է, որ եթե մեկը հանցագործություն է կատարում ու չի պատժվում, նա հաջորդ հանցագործությունն է կատարում: Եթե մեկը քաղաքական դաշտում կեղծիք է թույլ տվել, ու իր ձեռքը չեն բռնել, նա անելու է հաջորդ կեղծիքը: Եթե մեկը ապօրինությունների գնով է հասել քաղաքական բարձր դիրքերի, ապա ապօրինությունների գնով էլ դա փորձելու է պահպանել:
Հրայր Թովմասյանը ինքնակամ չի հանձնի ՍԴ ղեկավարի իր դիրքերը: Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, թե ինչ է կատարվում: Հրայր Թովմասյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Հարությունյանը և գործով չպարզված այլ անձինք մտածել, քցել-բռնել են, թե ինչպես հավերժացնեն Սերժ Սարգսյանի իշխանությունը, և ծնվել ու իրականացվել է ՍԴ-ն Գագիկ Հարությունյանից Հրայր Թովմասյանին հանձնելու ծրագիրը: Վերջ: Մնացածը լոլոներ են: Հրայր Թովմասյանը կարող է ասել, թե փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, բայց նույնիսկ փաստաթղթերով չի կարգին, ուր մնաց՝ լեգիտիմության չափանիշները կարգին լինեին: Միակ լեգիտիմ մարմինն այսօր Հայաստանում օրենսդիր իշխանությունն է, որը պետք է մեր պետականության բկին կանգնած ամենախոշոր ոսկորներից մեկը հանի: Տվել ենք այդ մանդատը ու հենց սրա համար ենք տվել, որ դեպի բանդիտիզմ վերադարձնող բոլոր ճանապարհները փակեք:
Ուս-ուսի տված
Մեր համար, օրինակ, զարմանալի է, թե ինչու է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելու գործընթացի ապօրինի բնույթի վերաբերյալ դատախազությանը հաղորդում տալիս ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, այլ ոչ թե «Իմ քայլի» որևէ պատգամավոր: Լավ, մեզ պատասխանում են, որ կան ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու այլ ուղիներ: Վահե Գրիգորյանը տվել է այդ ուղին, մի սպասեք, թե ՀՔԾ-ն ինչ ընթացք կտա Արման Բաբաջանյանի դիմումին, թող դա առանձին գնա, դուք Վահե Գրիգորյանի նշած ճանապարհով գործեք: ՀՔԾ քննիչներն այցելել են ՀՀԿ-ի գրասենյակ ու Սահմանադրական դատարան՝ քննչական գործողություններ կատարելու, դուք էլ սկսեք ՍԴ դատավորներ նշանակել:
Պատմության ամենատաղանդավոր զորավարները
Շաբաթվա ընթացքում հոգեխանգարմունքի հերթական խմբաքանակը դրսևորվեց Լ. Տեր-Պետրոսյանի անվան շուրջ: Պարզվեց, որ նա դեմ է եղել ոչ միայն Շուշիի ազատագրմանը, Լաչինի միջանցքի բացմանը, այլև ընդհանրապես, դեմ է եղել Արցախյան ազատամարտին: Ոնց որ թե Արցախյան պատերազմի այլևս որևէ նշանակալից իրադարձություն չմնաց, որից տեղյակ լիներ Տեր-Պետրոսյանը: Վիտալի Բալասանյանը, այն Վիտալին, որը տարիներ առաջ Առաջին նախագահի հետ համատեղ լուսանկարը հպարտորեն տարածում էր որպես իր ռազմական անցյալի կարևոր դրվագ, համալրեց այն մարդկանց շարքերը, որոնք իրենց քաղաքական սնանկությունը, համոզմունքների ու գաղափարների բացակայությունը փոխհատուցում են Տեր-Պետրոսյանին ուրանալով ու նրա մասին բամբասանքներ տարածելով:
Վիտալի Բալասանյանի խոսքերով ստացվում է, որ Արցախյան պատերազմի հաջողությունները բացառապես իր, Սերժ Սարգսյանի ու Ռ. Քոչարյանի շնորհքն է, դե, մի քիչ էլ, միգուցե Սամվել Բաբայանի, եթե իհարկե վերջինս իրեն խելոք պահի: Այսինքն, Բալասանյան-Քոչարյան-Սարգսյան եռյակը Ստեփանակերտում նստած, տարիներ շարունակ մտածել է, թե ոնց անեն, որ համ ադրբեջանցիների ագրեսիան դիմագրավեն, և հակահարձակման անցնեն, և տարածքներ ազատագրեն, Արցախի շուրջ անվտանգության գոտի ստեղծեն ու այդ ամենը թաքուն անեն, որ հանկարծ Տեր-Պետրոսյանը չիմանա: Ու ստացվել է: Սա է ամենազարմանալին: Շշմեցուցիչ արդյունքներ են գրանցել: Տեր-Պետրոսյանն էլ առավոտյան զարթնում էր, թե բա շեֆ, խաբար ես, Աղդամը գրավել ենք: Առաջին նախագահն էլ նեղվում էր, զանգում էր Ստեփանակերտ, թե ինչի՞ եք գրավել Աղդամը, ի՞նչ գործ ունեք խալխի քաղաքի հետ, հենց հիմա դուրս եկեք այնտեղից, իրեն էլ Վիտալի Բալասանյանը պատասխանում էր, թե արդեն ուշ է, չեն կարող, որ մի երկու ժամ շուտ զանգեր, դեռ մի հնար կանեին:
Այնպես որ, պատմության մեջ ամենատաղանդավոր զորավարները հենց Արցախյան պատերազմը թաքուն շահած այս երեք գեներալներն են: Մենակ այդպես էլ չհասկացանք, թե ինչու այս սուպերմենները թաքուն չգրավեցին Բաքուն:
«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2019