...

Չլրջանալու հետևանքները

Չլրջանալու հետևանքները

44-օրյա պատերազմից գրեթե 9 ամիս է անցել, բայց Հայաստանում առ այսօր դավաճաններ են փնտրում։

Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին է մեղադրում նախօրոք պայմանավորված պատերազմով Արցախը հանձնելու և այդ «գլխացավանքից» ազատվելու մեջ, նա էլ իր հերթին նախկին իշխանություններին ու նրանց հետ կապված հրամանատարներին է մեղադրում միտումնավոր պարտության համար, որի արդյունքում ժողովուրդը պիտի քշեր այդ ապիկար իշխանություններին, ու իրենք պիտի վերադառնային իշխանության։ Իսկ ահա օբյեկտիվ իրողությունները վերլուծելն ու ամբողջական պատկերը տեսնելը մոդայիկ չէ։ Որպես ներքաղաքական պայքարի գործիք՝ դավաճանության թեման շատ ավելի արդիական է։ Առավել ևս, որ մինչև հիմա այդպես էլ անհայտ է մնում, օրինակ, թե ով էր, ի վերջո, Շուշիի պաշտպանության պատասխանատուն, ինչպես ադրբեջանցիները շատ հանգիստ անտառային կածաններով հասան այնտեղ, ինչպես պատահեց, որ պաշտպանության նախարարը պատերազմից հետո հանգիստ տեղափոխվեց ԱՄՆ ու հսկայական աշխատավարձով աշխատանքի տեղավորվեց, և այլն։ Սրանք ինտրիգային դետալներ են, որոնց բազմազանությունը թույլ չի տալիս հասկանալ ամբողջական պատկերը։

Մինչդեռ մեծ հաշվով՝ այդ պատկերն այնքան էլ բարդ չէ։ Եթե շատ կարճ՝ արցախյան առաջին պատերազմում մենք կարողացանք օգտվել Ադրբեջանում տիրող քաոսային կառավարումից, Ռուսաստանն էլ շատ հստակ ուղերձ հղեց Թուրքիային, որ անմիջական ռազմական միջամտություն թույլ չի տա, և մենք հաղթեցինք։ 26 տարի անց Ադրբեջանը, որ հետևողականորեն հզորացրել էր իր բանակը, օգտվեց Հայաստանում տիրող քաոսային կառավարումից, Ռուսաստանը ոչ միայն չբացառեց Թուրքիայի անմիջական միջամտությունը, այլև, պարզվեց, «համատեղ գործողություն» էր իրականացնում, և արդյունքում՝ այս անգամ պարտվողը մենք էինք։ Ամբողջ խնդիրն այն է սակայն, որ արցախյան երկրորդ պատերազմը չի ավարտվել, մենք ընդամենը հրադադարի փուլում ենք։ Ընդ որում՝ նախապատերազմյան իրավիճակի հիմնական տարրերն էապես չեն փոխվել։ Հայաստանում այսօր էլ քաոսային կառավարում է, Ռուսաստանն ու Թուրքիան այսօր էլ համագործակցում են, Ադրբեջանն էլ քայլ առ քայլ մեծացնում է լարվածությունն ու նոր պատերազմի նախապատրաստվում։ Մի խոսքով՝ իրավիճակը մոտավորապես նույնն է, ինչ 2020-ի սեպտեմբերի 27-ի նախօրեին։ Իհարկե՝ այս անգամ մասշտաբները կարող են այլ լինել, բայց տրամաբանությունը նույնն է։

Հարց է ծագում՝ ի՞նչ անել։ Պատասխանը շատ պարզ է․ պատրաստվել պատերազմի։ Պատրաստվել հանգիստ, առանց խուճապի, առանց հույս դնելու Ռուսաստանի կամ Արևմուտքի վրա։ Արցախյան երկրորդ պատերազմը մեզ արդեն պիտի հուշած լիներ, որ Ռուսաստանը պատերազմը չի կանխելու։ Արցախում չկար պատերազմ՝ չկային ռուսական զորքեր, եղավ պատերազմ՝ եղան ռուսական զորքեր, հիմա ինչո՞ւ պիտի նրանք կանխեն պատերազմն, ասենք, Սյունիքի, Գեղարքունիքի կամ Երասխի ուղղությամբ։ Արևմուտքն, իհարկե, կցանկանա կանխել նոր պատերազմը, որովհետև դրա արդյունքում ռուսական ներկայությունն է ընդլայնվելու, բայց կկարողանա՞ արդյոք։ Հազիվ թե։ Իսկ պատմական փորձը ցույց է տալիս, որ ադրբեջանցիները (թուրքերը) առաջ են գալու այնքան, մինչև դիմադրության հանդիպեն։ Ինչ-որ պահի դիմադրությունն անխուսափելի է լինելու, և որևէ մեկը մեզ չի հարցնելու՝ նոր պատերազմ ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Հայտնի ճշմարտություն է․ խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի։ 20 տարի շարունակ մենք ոչ կարգին խաղաղություն ենք ուզել, ոչ էլ կարգին պատրաստվել ենք պատերազմի։ Ու հիմա դրա պտուղներն ենք վայելում։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   793 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ