...

Ծովագյուղցիք էլ համեստ ու ամաչկոտ տղերք են

Ծովագյուղցիք էլ համեստ ու ամաչկոտ տղերք են

Ծովագյուղում մի քանի տասնյակ գյուղացիներ հարձակվել են «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցների վրա, քարերով, փայտերով ծեծի են ենթարկել նրանց: Այնուհետև դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի և Գավառի բաժինների ծառայողները, սակայն գյուղացիները՝ գյուղապետ Վահրամ Գևորգյանի անմիջական հրահանգով այս անգամ հարձակվել են ոստիկանների վրա, հայտնում է Shamshyan.com-ը:

Արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել ոչ միայն մի քանի ոստիկաններ, այլ նաև Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանը, Սևանի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը և մոտ 10 ոստիկան: Գավառի ոստիկանապետին էլ Երևան են տեղափոխել՝ աչքի վիրահատության:

«ՉԻ». Միջադեպի պատճառն այն է եղել, որ «Գազպրոմի» աշխատակիցները գյուղ են գնացել, որպեսզի ստուգեն այն տեղեկությունները, թե այնտեղ տարիներ շարունակ գազի գողություն է կատարվում ու «լևի» գծեր կան: 

Էս գազպրոմցիք էլ են օղբաթ. ծովագյուղցիք արդեն 300 տարի ձկան գողություն են անում, չեն կարողանում դրա դեմն առնել, դուք ուզում եք մի քանի տարվա գազի գողության հարց լուծել: Ծը, չի ստացվի: Լենկ Թեմուրը որ Լենկ Թեմուրն է, եկավ, սաղ Հայաստանը գրավեց, մենակ Ծովագյուղ չմտավ, ասեցին՝ գործ չունես, շառի մեջ ես ընկնելու: 

Այնպես որ՝ 10 ոստիկանով ու 2 ոստիկանապետով Ծովագյուղ գնալը հավասարազոր է աննախադեպ խիզախության, որի նմանը չի եղել վերջին 2000 տարում: Իրենց դրել էին Հունան Ավետիսյանի տեղը: Պետք էր նման հարցը լուծել թավշով, սիրով, փշի-փշի անելով: Ասա, գոնե էդ կողմերում ապրող Վլադիմիր Գասպարյանին օգնության կանչեիք, գար, իր էդ կվադրոցիկլը քշեր ծովագյուղցիների վրա:

Քառորդ դար է անցել «Հայկական VIP դրախտ» հայտնի երգից, իսկ այնտեղ հնչող տողերը մնում են արդիական. «Հայկական դրախտում ծովագյուղցիք համեստ ու ամաչկոտ տղերք են»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   891 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ