...

Դեպի քյաբաբային հանրապետություն

Դեպի քյաբաբային հանրապետություն

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանավորումն, անկասկած, առայժմ անհասկանալի ինչ-որ մեծ նախագծի մի մասնիկն է։ Խնդիրը նույնիսկ այն չէ՝ Տոնոյանին «հասնո՞ւմ էր», թե ոչ։ Անկախ նրանից՝ նա ներգրավված է եղել սպառազինության մատակարարման կոռուպցիոն սխեմաներում, թե ոչ, նրան «հասնում էր»։ Որովհետև երկու տարի շարունակ նա Նիկոլ Փաշինյանի հետ միասին մասնակցել է բանակի «ելակիզացիայի» գործընթացին ու առանց հրթիռների գերթանկարժեք ինքնաթիռներ գնելու փիառ ակցիաներին, պատերազմի ավարտից օրեր անց էլ հանգիստ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ ու տաքուկ տեղավորվել՝ որոշ տեղեկություններով, տարեկան մոտ կես միլիոն դոլար աշխատավարձով։ Բայց խնդիրն այն է, որ նրան ոչ թե այդ ամենի մեջ են մեղադրում, այլ ինչ-որ կոռուպցիոն գործարքի, որի արմատները հասնում են մինչև 2011 թվականը, այսինքն՝ տեսականորեն այդ գործով կարող է կալանավորվել ներկա ու նախկին ցանկացած բարձրաստիճան զինվորական։

Ի՞նչ է տեղի ունենում։ Մի երկրում, որտեղ վարչապետի կեցավայրի ծորակները փոխելու համար նախատեսված գումարը համարվում է խստագույն պետական գաղտնիք, ամենայն մանրամասնությամբ տեղեկություններ են հրապարակվում, թե ՀՀ զինված ուժերի համար որ թվականին քանի արկ է գնվել, որ ընկերությունից, ում միջնորդությամբ, ինչ արժե դրանցից յուրաքանչյուրը, քանի տոկոսն է պիտանի եղել, և այլն։ Եվ սա՝ այն դեպքում, երբ նախաքննությունը նոր միայն սկսվում է։ Ու շոուների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի սերը հաշվի առնելով՝ կարելի է չկասկածել, որ այս թեմաներով հրապարակային բացահայտումները շարունակվելու են (եթե, իհարկե, Դավիթ Տոնոյանը Նիկոլ Փաշինյանի անունը չտա, ու իշխանությունները հանկարծ չհիշեն, որ պետք է դատական նիստերը փակ անցկացնել)։ Հարց է ծագում՝ դրանից հետո ո՞ր գործընկերը կհամաձայնվի ոչ ստանդարտ սխեմաներով սպառազինություն մատակարարել մեր բանակին։ Առանց այն էլ «10 տոկոսով պայթած Իսկանդերների» մասին հայտարարությունից հետո հազիվ թե որևէ երկիր ցանկանա շատից-քչից լուրջ զենք տրամադրել Հայաստանին։ 

Իսկ գուցե նպատակը հենց դա՞ է՝ «թափանցիկության» և «ժողովրդից ոչինչ չթաքցնելու» պատրվակով անիմաստ դարձնել բանակի հզորությունը վերականգնելու ցանկացած հետագա փորձ։ Կարող է թվալ, թե սա «դավադրությունների տեսության» շարքից է, բայց արդեն 2018-ի «թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից» ամիսներ անց էր նկատելի դառնում, որ այս իշխանություններն ընդգծված բացասական վերաբերմունք ունեն այն ամենի նկատմամբ, ինչը Հայաստանին տարբերում է բանանային հանրապետություններից։ Խոսքը գիտության, մշակույթի, Եկեղեցու, համեմատաբար լավ զինված բանակի, Սփյուռքի ներուժի, ատոմակայանի, արդյունաբերության մասին է։ Եթե վերացվում է այդ ամենը, Հայաստանը դառնում է ամորֆ բանանային հանրապետություն՝ զբոսաշրջիկներին ծառայություններ մատուցող «երջանիկ» բնակչությամբ։ Դրա համար էլ, այս իշխանությունների տրամաբանությամբ, մեզ ոչ բանակ է պետք, ոչ ժամանակակից գիտություն (հակառակ դեպքում համակարգն այս վիճակին չէր հասցվի), ոչ Սփյուռքի ներուժ (հակառակ դեպքում Մակունցի նման մեկը ԱՄՆ-ում դեսպան չէր նշանակվի), ոչ ատոմակայան (ավելորդ գլխացավանք է, ու պետք է փակելու ձև գտնել), ոչ արդյունաբերություն (կարող ենք գրազ գալ՝ սրանք անպայման գտնելու են, օրինակ, Քաջարանի կոմբինատը «վարի տալու» ձևը), և այսպես շարունակ։

Այլ հարց է, որ այս իշխանությունները Հայաստանն անգամ բանանային հանրապետություն դարձնել չեն կարողանալու։ Շատ-շատ՝ քյաբաբային հանրապետություն, այն էլ՝ «նախադու»-ի կարգավիճակով։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3868 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ