Ազգային ժողովում մեկնարկել են 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ոլորտ առ ոլորտ ներկայացվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում: «ՉԻ» զրուցակիցն է ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
- Պարոն Ջանջուղազյան, Դուք արդեն երկար տարիներ ՀՀ կառավարության ֆինանսական բլոկի հնաբնակներից եք: Աշխատել եք նաև նախկին իշխանությունների հետ: Նախորդ բյուջեների հետ համեմատած այս բյուջեի յուրահատկությունը ո՞րն է:
- Վարչապետը բյուջեի նախագծի քննարկման մեկնարկի ժամանակ շատ մանրամասն անդրադարձավ բյուջեի յուրահատկություններին և ներկայացրեց բյուջեի առանձնահատկությունները տարբեր հարթակներում: Հավելեմ, որ այն ունի այս ժամանակին համարժեք, տնտեսական զարգացումներին համարժեք արձագանքելու նպատակադրում: Եվ հենց այդ տրամաբանությամբ էլ նախագծված է: Այսինքն՝ ժամանակահունչ է:
- Նկատենք, որ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեն ներկայացնելիս կառավարությունը բնութագրում է, թե ինչ ուղղվածությունի այն. աղքատության նվազման, սոցիալական, կենսամարդակի բարձրացման: 2020 թվականի պետական բյուջեն ինչպե՞ս է բնութագրվում:
- Ճիշտն ասած, ես միշտ ձեռնպահ եմ մնացել որակումներ տալուց և հիմա էլ ձեռնպահ եմ մնում: Բյուջեն այնպիսին է, ինչպիսին որ կա:
- Իսկ ի՞նչ ուղղվածություն ունի, ո՞ր ոլորտներն են կարևորվել:
- Այս բյուջեում բոլոր ուղղվածությունները հավասարակշռված են, և ենթադրվում է, որ այն քաղաքականությունը, որ դրված է առկա բյուջետային տրամաբանության մեջ, այստեղ արտացոլված է: Առանձնացնել որևէ ոլորտ կամ համակարգ, կնշանակի մասնատել բյուջեն և չունենալ ամբողջություն, հետևաբար պետք է փաստեմ, որ 2020 թվականի պետական բյուջեն հավասարակշռված և հայտարարագրված ծրագրին համահունչ քաղաքականությամբ բյուջե է:
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 7 տոկոս տնտեսական աճ ենք ունենալու: Ի՞նչ ցուցանիշներ են արձանագրվել:
- Եթե նկատել եք, միջնաժամկետ ծախսեր ծրագրում առանձին բաժնում նաև բարձր տնտեսական աճի սցենար է ներկայացված և ենթադրում է, որ մեր բոլոր ջանքերը պետք է ուղղորդվեն և ներդրված լինեն հենց այդ ուղղությամբ: Որովհետև չի կարող այնպիսի իրավիճակ լինել, որ բավարարվենք մեր ձեռք բերածով, քանի որ տեսնում ենք, որ կա էական տարբերություն այլ երկրների հետ համեմատած և չունենք այնպիսի եկամուտներ, ինչպիսին, որ ձգտում ենք ունենալ: Այսինքն, առայժմ գնահատվում ենք իբրև միջին եկամուտ ունեցող երկիր, բայց դա մեր հավակնությունների արտահայտությունները չեն, հետևաբար բնական է, որ մեր ձգտումները շատ ավելին են, քան ինչ-որ ունենք: Այն, ինչ որ այս պահին որպես հավասարակշռված մոտեցում առաջարկված է, բայց այդ հավակնությունները նյութականանալու երաշխիքները առկա են և դրանց զուգահեռ կճգրտվեն այն միջոցառումները, որոնք ենթադրվում է՝ պետք է իրականացվեն բյուջեի թե կատարման, թե առաջիկայում համապարփակ ծրագրերի իրականացման:
- Գյուղատնտեսությունում արձանագրված նվազող ցուցանիշների մասին ի՞նչ կասեիք:
- Այդ հարցը պետք է ուղղել գյուղատնտեսության ծրագրերը ներկայացնող պատասխանատուներին: Կարծում եմ՝ նրանք ավելի հանգամանորեն կներկայացնեն:
Մելանյա Ծառուկյան