...

Դեսպանի տրամադրությունը չի փչացրել

Դեսպանի տրամադրությունը չի փչացրել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «2020 թվականի ընթացքում, չնայած COVID-19-ի տարածմանը և դրա բացասական հետևանքներին, հայ-իրանական առևտրաշրջանառությունը լրջագույն փոփոխությունների չի ենթարկվել, իսկ արտահանումը նույնիսկ որոշ չափով աճել է»:

«ՉԻ». Խորհրդային տարիներին, երբ վիճակագրական տվյալներ էին ներկայացնում՝ տնտեսության, գյուղատնտեսության, արդյունաբերության, մի խոսքով՝ բոլոր ոլորտների մասին, թվերը նշելիս անպայման համեմատում էին 1913 թվականի ցարական Ռուսաստանի վիճակագրության հետ:

Օրինակ՝ գրում էին, որ գազօջախների արտադրությունը 1957 թվին 13,8 անգամ ավելի շատ էր, քան 1913-ին: Կապ չուներ, որ 1913-ին ցարական Ռուսաստանում դեռ գազաէներգետիկ համակարգ չկար, հետևաբար, գազօջախների համատարած արտադրությունն էլ իմաստ չուներ:

Հիմա Ալեն Սիմոնյանն է. 2021թ. սեպտեմբերին Իրանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում խոսում է 2020թ. թվականի հայ-իրանական առևտրաշրջանառության մասին: Հպարտանում է, թե աճել է: Միանգամից համեմատեիր 1913 թվի հայ-իրանական առևտրաշրջանառության տվյալների հետ, ընդհանրապես բոմբ կլիներ: 

Դրա փոխարեն ներկայիս իրավիճակի մասին խոսեիր: Այն պահին, երբ ինքը հպարտանում է 2020 թվականի տվյալներով, նույն պահին Կապանում հարյուրավոր իրանական բեռնատարներ են կանգնած, ԱԱԾ-ն նրանց ասում է՝ մի գնացեք Որոտանի ճամփով, եթե չեք կարողանալու վճարել ադրբեջանցիների պահանջած գումարները: Իրանցի վարորդներն արդեն ուզում են ճանապարհը փակել՝ որպես բողոքի նշան: 

Հա լավ, հասկացանք, Ալեն Սիմոնյանը չի ցանկացել դեսպանի տրամադրությունը փչացնել, ներկայացնել օրվա պատկերը: Այ, դիվանագետ ենք ասել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   665 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ