...

«Don’t happy, be worry» վիճակ

«Don’t happy, be worry» վիճակ

Ուգլեդարի նշանակությունը

Շատ հագեցած շաբաթ էր: Իրադարձությունների հեղեղը խեղդում է: Սկսենք այնտեղից, այսինքն՝ ռուս-ուկրաինականից: Ռուսները վերջապես կարողացան գրավել իրենց համար այդքան անիծյալ Ուգլեդարը: 2 տարի շարունակ Ուգլեդարը ոսկորի պես մնացել էր ռուսական բանակի կոկորդում: Քանի անգամ փորձել էին այն գրավել, բայց ամեն անգամ ահռելի կորուստներ տալով, ետ էին քաշվում: Միայն զինտեխնիկայի կորուստները Ուգլեդարի համար մարտերում անցնում են 300-ի սահմանը:

Ուգլեդարի անկումը ստրատեգիական նշանակության հաղթանակ էր ռուսների համար: Հիմա Դոնեցկից դեպի Ղրիմ ցամաքային կապը կդառնա անվտանգ ու ուկրաինական հրթիռների համար անհասանելի: Այսինքն, ռազմական ռեզերվները, տեխնիկան, այսուհետ ավելի արագ կհասնեն Ղրիմ: Թե չէ, Ղրիմը Կերչի կամուրջով Ռուսաստանին կապող ճանապարհը ցանկացած պահի կարող էր կտրվել:

Բացի այդ, Ուգլեդարից հետո ռուսական բանակի համար հարավից դեպի Դոնբասի հարթավայրեր մտնելու տարածքը բացվեց: Քանի ուկրաինացիները շոկի մեջ են, փորձելու են Կուրախովյան ճակատը աքցանների մեջ վերցնել: Բացի այդ էլ, Ուգլեդարից հետո ռուսական բանակի մի մասն ազատվեց մարտական գործողություններից և հիմա այն կարող են ճակատի ցանկացած հատված ուղարկել:

Մանրից մեզ են մոտենում

Իսրայելն էլ այնտեղ կատաղեց, ծանր հարվածներ հասցնելով Բեյրութում տեղակայված «Հեզբոլլահ» խմբավորման ղեկավարությանը: Մի առաջնորդին սպանեցին, վերջինիս փոխարինած առաջնորդին էլ խփեցին: Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածեց Իսրայելին, ու հիմա այս տարածաշրջանը կանգնած է մեծ պատերազմի առջև: Իսրայելցիները ԱՄՆ-ի հետ միասին քննարկում են, թե Իրանի հատկապես որ հատվածներին հարվածներ հասցնեն. նույնիսկ խոսք է գնում Իրանի միջուկային էներգետիկայի օբյեկտները խոցելու մասին: Ու սա արդեն մեր քթի տակ է:

Իրանն էլ տակ չի մնում, զենք, զինամթերք է փոխանցում Յեմենի հուսիթներին, սրանք էլ Սուեզի ջրանցքով անցնող «իմպերիալիստական» նավերն են հրթիռակոծում: Մի երկու օր առաջ հաջողությամբ հարվածեցին բրիտանական նավթային տանկերին: Բենզինի գինը բարձրանալու է: Հաստատ:

Կարևորը մենք ենք ու Ամերիկան

Ամերիկացիներն ընդհանրապես ծանր վիճակում են: Դեմը նախագահի ընտրություններ են, ու մեեեծ ճակատամարտ է սպասվում: Ընտրությունը ոչ այնքան Քամիլա Հարիսի ու Դոնալդ Թրամպի միջև ընտրություն է, որքան այն ուղու, որով պետք է ԱՄՆ-ը շարժվի: Եթե Հարիսը հաղթի, ԱՄՆ-ը «դեմոկրատիայի սուրը ճոճելով», շարունակելու է «սրբազան» պայքարը աշխարհի բոլոր չար ուժերի դեմ, աշխարհի բոլոր անկյուններում: Եթե Թրամպը հաղթի... եթե հաղթի, սրբազան պայքարը կարող է հենց ԱՄՆ-ի ներսում սկսվել:

Ընդդիմություն է վատացել

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն էլ էս նեղ մաջալին հանկարծ ու հայտարարեց, որ ընդդիմադիր շարժումները, որոնցից մեկն էլ Բագրատ սրբազանի նախաձեռնածն էր, հաջողության չեն հասնում, քանի որ դրանք ասոցացվում են նախկին երկու նախագահների՝ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ: Իսկ քանի որ հանրությունը վերջիններիս լավ է ճանաչում, ու անուններն էլ լսել չի ցանկանում, դրա համար էլ ընդդիմությունը սատկած վիճակում է: Ելքը մեկն է. երկու նախկին ղեկավարները պետք է քաղաքականությունից յան տան, դադարեն երազել իշխանության գալու մասին, իրենց քայլերով չամրապնդեն Նիկոլ Փաշինյանի դիրքերը:

Լավ էլ խելոք մարդ է Շիրակի թեմի առաջնորդը: Բայց էդ խոսքերից հետո ոնց են վրա տվել հանրապետականներն ու քոչարյանականները: Պաա՜... Էդ ինչեր են ասում իր հասցեին: Ծախված, շուռ տված, քաղաքականապես բոբիկ: Այ ընկերներ, ինչ ասել է, դեռ մի բան էլ քիչ է ասել, ու շատ մեղմ: Գոնե դրանով բավարարված եղեք:

Մի խոսքով, այսպիսին էր շաբաթը: Բլթբլթացող տարածաշրջաններ, վառոդի հոտ, չգիտենք, հաջորդ շաբաթ ինչ կլինի:

Հ.Գ. Վայ,  քիչ էր մնում մոռանայինք: Ախր ամենակարևորը չասացինք. Նիկոլ Փաշինյանը Փարիզում հեծանիվ քշելուց հետո եկել է Երևան, մի հատ էլ հասցրել է հեծոյով Էջմիածին քշել, հետ գալ: Մեկը մեկին Բուրատինոյի ֆիլմի Դուրեմարն է. «А я тут ни при чем, а я тут ни при чем»:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   307 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ