ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի և իշխանության արած հայտարարությանը, որ արտահերթ ընտրությունների գնալու պահանջ չկա, նշել է, որ իշխանությունը չի ասել, որ արտահերթ ընտրությունների պահանջ չկա, այլ ասել են, որ ընդդիմության ձևավորած օրակարգը ճիշտ չէ:
Եկեք ստուգենք, թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ իշխանություններն ինչ դիրքորոշում են ունեցել պատերազմի ավարտից հետո:
2020թ. նոյեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ճանապարհային քարտեզ, թե ինչ են նախատեսում անել մինչև 2021թ. հունիս ամիսը: 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ էր, որտեղ ոչ մի խոսք չի եղել արտահերթ ընտրությունների մասին: Ավելին, համաձայն ճանապարհային այդ քարտեզի, նախատեսվել է մինչև հունիս ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել և կուսակցությունների մասին նոր օրենք ընդունել: Հիմա ասում են՝ չէ, ժամանակը քիչ է, չենք հասցնի ընտրական օրենսգիրքը փոխել, ռեյտինգայինով ենք գնալու:
2020թ. նոյեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց. «Նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն և անհրաժեշտություն է, և մեր բոլոր ջանքերը պետք է կենտրոնացած լինեն այս խնդրի լուծման վրա»: Նորից ոչ մի խոսք արտահերթ ընտրությունների մասին:
2021թ. փետրվարի 7-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ «... Հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»:
Տեսնո՞ւմ եք, ընդամենը մի ամիս առաջ նման հայտարարություն են արել, իսկ հիմա Ալեն Սիմոնյանն ասում է՝ նման բան չենք ասել: Թեորեմն ապացուցված է: