ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը գրել է.
«Արդեն սովորել էինք, որ նախկին ռեժիմի ներկայացուցիչները սեփական կոռուպցիան ու թալանը Արցախով ու ավանդական ազգային արժեքներով են միշտ արդարացնում, բայց Հրայր Թովմասյանը գերազանցեց բոլոր ռեկորդները։
Վերջինիս հարցազրույցից պարզվում է, որ իր՝ անաչառության լիակատար բացակայությամբ ուղեկցվող պաշտոնավարումը որպես ՍԴ նախագահ պայմանավորված է Արցախի ու ավանդական արժեքների պաշտպանությամբ։
Մի կողմ թողնենք, որ դա ՍԴ նախագահի գործը չէ, բայց ախր, ո՞նց, ո՞նց կարելի է լինել այսպես երեսպաշտ ու այսպես կեղծավոր»:
«ՉԻ». Սա «քշի Թուրքիա» ոլորտից է: Այնպիսի տպավորություն է, որ իշխող ուժի պատգամավորները երեկ են առաջին անգամ Հրայր Թովմասյանին լսել ու զարմանքով պարզել, որ վերջինս երեսպաշտ է ու կեղծավոր:
Հրայր Թովմասյանի, նրա գործունեության, անցյալի մասին արդեն այնքան է գրվել, էջ առ էջ ներկայացվել նրա ապօրինությունները, ՍԴ նախագահ դառնալու ծրագիրը, որ թվում է, սրանից դենն այլևս ասելիք չկա:
Քիչ է մնում, «իմքայլականները» հոնգուր-հոնգուր լաց լինեն, որ Հրայր Թովմասյանը վատ մարդ է, և չի ցանկանում հրաժարական տալ: Կարելի է ՍԴ շենքի դիմաց ազգովի հավաքվել և Հրայր Թովմասյանից թախանձագին խնդրել, որ օր առաջ հեռանա այնտեղից:
Մի անեկդոտ կա, որ ամուսինը գործուղումից գալիս է տուն, տեսնում է անկողնում անծանոթ մի տղամարդ է պառկած, բացում է սենյակի պահարանը, կինն այնտեղ թաքնված է լինում: Ամուսինը գոռում է. «Քեզ հազար եմ ասել, էս՝ իրա տեղն ա, քո տեղը անկողնում է»:
«Իմ քայլի» դեպքում կարելի է ասել. ստատուս գրելը Հրայր Թովմասյանի գործն է, ձերը խորհրդարանում օրենքներ ընդունելն է ու դրանով ՍԴ անդամների հարցերը լուծելն է: