Երեկ «ՉԻ» խմբագրությունը ահազանգ էր ստացել այն մասին, որ մի խումբ ոստիկաններ բռնի կերպով, առանց հիմնավորելու Արմավիրի ոստիկանության բաժին բերման են ենթարկել և մի քանի ժամ այնտեղ պահել մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի տեղակալ Աշոտ Խուրշուդյանին:
Եղեգնուտցիների խոսքով՝ պատճառն այն է, որ վերջինս գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանի համակիրներից է: Բանն այն է, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում տևական ժամանակ բողոքի ակցիաներ են մարզային իշխանությունների դեմ: Եղեգնուտցիները Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանից պահանջում են անվավեր ճանաչել 22.06.2020թ. այն որոշումը, որով անվավեր է ճանաչել նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշումը՝ Եղեգնուտում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:
Երկու շաբաթից ավել եղեգնուտցիները, թողնելով դաշտի աշխատանքը, համայնքապետարանի շենքը պաշտպանում են հանրապետական գյուղապետից: Գյուղի բնակչության մոտ 2/3 մասը, անտեսելով համավարակի վտանգը, հավաքվում է գյուղապետարանի մոտ՝ թույլ չտալով նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանին մտնել համայնքապետարանի շենք: Նշենք, որ մեկ ու կես տարի առաջ համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարված Ռազմիկ Մարգարյանը դատական հայց է ներկայացրել` պահանջելով անվավեր ճանաչել Արմավիրի նախկին մարզպետի որոշումը, որով վաղաժամկետ դադարեցվել էին Մարգարյանի լիազորությունները: Դատարանն օրերս բավարարել է նախկին գյուղապետի պահանջը, բայց կնիքի, աշխատասենյակի ու դրա բանալիների մասով որոշում չի կայացրել: Ռազմիկ Մարգարյանն այդ մասով հայցադիմումը հետ է վերցրել: Նախօրեին եղեգնուտցիները սրերով էին ընդունել ընդունում-հանձնում անելու համար գյուղ եկած մարզպետարանի հանձնաժողովի անդամներին: Նրանք ամբողջ գյուղով պատ են կազմել և ոչ ոքի թույլ չեն տվել մտնել համայնքապետարանի շենք: Բարեբախտաբար բախումներ տեղի չեն ունեցել մեծաթիվ ոստիկանների ու գյուղացիների միջև: Դիմադրությունից խուսափելու համար հանձնաժողովականները արձանագրություն են կազմել և հեռացել:
Իսկ մինչ այդ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի որոշումը անվավեր ճանաչելու հայցադիմումով վարչական դատարան են դիմել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը, ում գործողությունները ժամանակավորապես դադարեցված են և Եղեգնուտի ավագանու չորս անդամ: Դատարանը վարույթ է վերցրել Մկրտչյանի հայցը և օգոստոսի 31-ը նշանակել դատի օր:
Եղեգնուտցիների խոսքերով՝ հույս ունեն, որ արդարադատությունը կհաղթանակի ու հանրապետական գյուղապետը այլևս չի մտածի նախկին պաշտոնին վերադառնալու մասին:
Մելանյա Ծառուկյան