...

Это все, что останется после тебя

Это все, что останется после тебя

Պետության ղեկավարի կարևորագույն հատկանիշներից մեկը պատասխանատվության զգացումն է: Պատասխանատվության զգացումը ընտրողի, թիմակիցների, երկրի, միջազգային հանրության առջև: Պատասխանատվության զգացումը ոչ միայն այսօրվա, այլ նաև վաղվա համար: 

Երբ որևէ ղեկավարի մոտ այդ հատկանիշը կաղում է, կամ իսպառ բացակայում, դա աղետալի հետևանքներ է ունենում երկրի և ժողովրդի համար: Պետության ղեկավարի յուրաքանչյուր բառ, նախադասություն պետք է հազար անգամ չափված-ձևված լինի, հաշվարկված լինի, նա պետք է հասկանա, որ նույնիսկ մեկ անզգույշ կամ անխոհեմ արտահայտությունը կարող է բարդություններ առաջացնել պետության համար, մեր երկրի հեղինակության վրա ազդել: 

Այս վերջին երկու տարում Նիկոլ Փաշինյանն այնքան իրար հակասող, իրարամերժ, անխոհեմ հայտարարություններ է արել, որ դա միայն մեկ բանի մասին կարող է վկայել. ինքը պատասխանատվության զգացումի հետ կապված լուրջ խնդիր ունի: Կամ չի հասկանում պատասխանատվության նշանակությունը, կամ էլ իր համար դա կարևոր չէ: Պատասխանատվությունը լայքերով չի որոշվում, ոչ էլ՝ սոցհարցումներով, այլ խոսքի, գործի ու արդյունքի համադրությամբ: Մենք մի փոքր հավաքել ենք վերջին երկու տարում պետության համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները: Նույն հարցի վերաբերյալ տարբեր տեսակետներ. նայած, թե այդ պահին որն է հարմար եղել: Մի դեպքում մի բան է ասել, մյուս դեպքում՝ այլ բան: Պատասխանատվության զգացում ունեցող ղեկավարի դեպքում նման բան չի կարող լինել: Ու բանը հասնի նրան, որ Փաշինյանի հակասական մտքերին նույնիսկ արտաքին աշխարհը ստիպված լինի արձագանքել:

Ահավասիկ, ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մի քանիսը, թե սկզբից ինչ է ասել, հետո՝ տրամագծորեն հակառակ բան ասել, կամ հերքել, կամ ուրիշներն են հերքել: Ու սա դեռ շատ չնչին մասն է: Ցանկն ավելի մեծ է:

«2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը». Նիկոլ Փաշինյան, 04.01.2021:

«Այդ պլանի հիմքում, որը հիմնականում համընկնում է Կազանի փաստաթղթի հետ, ընկած են Ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց թվում են առաջին փուլում Ադրբեջանին հինգ շրջանների վերադարձը, իսկ երկրորդում՝ երկուսի վերադարձը, ընդ որում՝ ընդգծեմ հատուկ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հետ կապելով։ Երևանի շահերն արտացոլող առաջին փուլի մյուս տարրերի թվում էին Լեռնային Ղարաբաղի իրավունքի ճանաչումը, որը կապահովեր նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԵԱՀԿ նիստերին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի պարտավորությունների ընդունումը և այլն: Ուստի պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը». ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպով, 13.01.2021։

«Մեր «Սու-30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել` փորձարկելով երկինք-երկիր հրթիռները «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ». Նիկոլ Փաշինյան, 03.07.2020:

«Մեզ ասում են՝ ինչի՞ եք ինքնաթիռ առել։ Այո՛, մենք ինքնաթիռ առել ենք, և, այո՛, հրթիռները չենք հասցրել մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերեինք։ Բա ինչի՞ 26 տարվա պետությունը չի ունեցել կործանիչ ավիացիա». Նիկոլ Փաշինյան, 20.03.2021:

«Մերժվածը պետք է որ չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով». Նիկոլ Փաշինյան, 23.02.2021:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը: Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել». վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան, 01.03.2021:

«Արձանագրում ենք, որ այս վիրուսն այնքան սարսափելի չէ, որքան այդ մասին խոսում են: Ժողովուրդ ջան, կառավարությունը կառավարում է իրավիճակը, կառավարությունը չի խաբի, և ես իրավիճակն ընկալում եմ նույնքան սրտին մոտ, որքան ձեզանից յուրաքանչյուրը, կապ չունի՝ վարչապետ ես, թե՝ ոչ: Այնպես որ՝ դուխով, ժողովուրդ ջան։ Կորոնավիրուսը ում շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմներ առաջացնի». Նիկոլ Փաշինյան, 01.03.2020: 

«Եթե նախկինում ասում էինք, որ տնտեսական հեղափոխություն ենք անում, 7-8% տնտեսական աճ ենք ունենալու, հիմա ասում ենք՝ եկեք այդ թվերը մոռանանք ու դնենք մի կողմ: Հիմա իսկապես եկել է տնտեսական հեղափոխություն անելու ժամանակը: Այս կորոնավիրուսը մեզ համար բացում է նոր հնարավորություններ». Նիկոլ Փաշինյան, 18.03.2020:

«Վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող: Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ոչինչ ընթացքի մեջ չփոխենք՝ մայիսի վերջին կունենանք մոտավորապես 10 հազար հիվանդ:

Բայց մյուս կողմից առողջապահական խնդրի չլուծումը և սրացումը կարող է իր հերթին ավելի խորացնել տնտեսական խնդիրները և ավելի դժվարացնել դրանց լուծումը». Նիկոլ Փաշինյան, 20.05.2020:

«Կիսանախագահական համակարգը Հայաստանի Երրորդ Հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է, և գործնականում մենք բոլորս իրար հետ տեսել ենք, և այն ապացուցվել է։

Հեղափոխության հաջորդ օրվանից կան մարդիկ, եղել են մարդիկ, ովքեր ինձ ասում էին, որ արագ պետք է վերականգնել կիսանախագահական համակարգը։ Ասում էին, այն հին համակարգում լավ էր, քանի որ կար նախագահ, վարչապետ և փաստացի բոլոր լծակները նախագահի ձեռքն էր, պատասխանատվությունը վարչապետի ձեռքն էր, հենց պրոբլեմ էր առաջանում, նախագահը իր պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, նրան գործից հանում էր և բուֆեռ էր առաջանում։

Այս դեպքում ասում էին՝ ամբողջ պատասխանատվությունը վարչապետի՝ քեզ վրա է, արագ փոխիր։ Ես ասում էի, որ իմ կարծիքով պետության իրական լիդերը, որպես անձ կյանքում իր պատասխանավությունը ուրիշի վրա չի գցի, որովհետև մեր երկրի ձախողումները առաջին հերթին եկել են այդ անպատասխանատվությունից, կիսանախագահական համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է։

Ընդհանրապես, եթե այս տարբերակը պետք է բացառել Հայաստանի համար, եթե գնում ենք տեսականորեն, ապա պետք է կիսա որևէ բան չունենանք, կամ պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական համակարգ, կամ ամբողջական նախագահական կառավարման համակարգ, երբ որ նախագահը նաև կառավարության ղեկավարն է». Նիկոլ Փաշինյան, 25.01.2020:

«Այսօր էլ Սահմանադրությունը բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր է ստեղծում: Կարծում եմ, ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի». Նիկոլ Փաշինյան, 02.03.2021:

«Հանրապետության նախագահը ողջունում է բոլորիդ, ողջունում ձեր քաղաքացիական կամքը և խիզախությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա տնային կալանքի տակ է». Նիկոլ Փաշինյան, 01.03.2008:

«Լևոն Տեր-Պետրոսյանն իր փառահեղ կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել». Նիկոլ Փաշինյան, 20.03.2021:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1450 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ