...

Էլի հասարակությո՞ւնն է մեղավոր

Էլի հասարակությո՞ւնն է մեղավոր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասել է. «Ես ասում եմ՝ մաֆիոզ մտածողությունը մեր երկրում այնքան խորացած է, որ կապ չունի, հեղափոխություն էլ եղավ, մի շաբաթ ուրախացանք, կամաց վերականգնվում է մարդու մոտ այդ մտածողությունը: Մարդը մտածում է՝ հիմա նրանք կաբինետում ի՞նչ են անում, որ ես լինեի, ինչ կանեի, ես կդնեի կհագցնեի: Ես այդպես մտածողներից մեկը չեմ, կներեք: Հանկարծ չփորձեք ինձ կապել ձեզ հետ ձեր մտածողությամբ»:

«ՉԻ». Արդեն 2 տարի է, նորմալ, բանական մարդիկ, քաղաքական ուժերը Նիկոլ Փաշինյանին և ընդհանրապես՝ իշխանություններին ամեն աստծո օր կոչ են արել իրականացնել քայլեր, որոնք կվերացնեին մաֆիոզ մտածելակերպը: 

Ասել ենք՝ դատական համակարգը բարեփոխեք, որպեսզի մենք վերջապես ունենանք անկախ դատական համակարգ, որը կառաջնորդվի օրենքներով, այլ ոչ թե մաֆիոզ մտածելակերպով: Չի արվել:

Ասել ենք՝ Սահմանադրական դատարանի հարցը լուծեք, որպեսզի վերջապես այն դադարի մաֆիոզ կառույց հանդիսանալ և սպասարկել կամ գործող իշխանություններին, կամ մաֆիոզ կառույցներին, կամ արտաքին ուժերին: Չի արվել:

Ասել ենք՝ փոխեք ընտրական համակարգը, քանի որ ներկայիս ընտրական համակարգով և օրենսգրքով մաֆիոզ մտածելակերպով ուժերի և անհատների մուտքը օրենսդիր մարմին ոչ մի կերպ չի արգելափակվում, այլ միայն՝ խրախուսում: Չի արվել, ու մենք տեսանք, ինչ մաֆիոզներ լցվեցին խորհրդարան: Մարդ կա՝ իր «ախրաննիկով» մտավ: 

Ասել ենք՝ կադրային այնպիսի քաղաքականություն իրականացրեք, որպեսզի մաֆիոզ մտածելակերպով մարդիկ ընդհանրապես մոռանան պաշտոնների մասին: ԱԱԾ-ի ու ոստիկանության օրինակներով տեսանք, թե այդ քաղաքականությունն անտեսելը ինչ հետևանքներ ունեցավ:

Սա մի փոքր մասն է այն խորհուրդների, որոնք այդպես էլ մնացին փշալարերից կախված: Հիմա որ այդ ամենը չի արվել, ո՞վ է մեղավոր: Էլի հասարակությո՞ւնը: Բա դուք ձեզ հեչ մեղավոր չեք համարո՞ւմ, որ մաֆիոզ մտածելակերպը մինչև հիմա արմատախիլ արված չէ: Դուք այդ ի՞նչ եք արել, որ չի հաջողվել: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1053 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ