...

Էլի սկսեցինք թքել աշխարհի ճակատին

Էլի սկսեցինք թքել աշխարհի ճակատին

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի օրակարգում հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ներառելու առաջարկին դեմ են քվեարկել Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակները, իսկ Ռուսաստանի 12 պատվիրակներից 5-ը դեմ են քվեարկել, 7-ը՝ ձեռնպահ:

Ու գնաց կաշը: Արդեն 24 ժամ է, ֆեյսբուքահայության մի ստվար զանգված ալեկոծված է. Ռուսաստանը հերթական անգամ մեզ դավաճանեց, ռուսների դիմակը պատռվեց, թշնամուն այսպիսի դաշնակից չենք ցանկանա, թիկունքից հարված, բա որ ասում էինք՝ պատերազմը ռուսների ու թուրքերի ձեռի գո՞րծն է, և այլն: Մի խոսքով, հակառուսական ալիք է բարձրացել:

Ու կապ չունի, թե Ռուսաստանի պատվիրակությունն ինչու է դեմ քվեարկել: Մի մասը բացատրում են, որ դեմ են քվեարկել, որովհետև ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում քննարկվելիք հարցերը փաթեթով են առաջարկվել, իսկ այդ փաթեթի մեջ՝ բացի հայ գերիների հարցից, եղել է նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հարցը:

Ոչ մի նշանակություն չունի՝ ռուսները Նավալնիի հարցի պատճառո՞վ են դեմ քվեարկել, թե՞ կոնկրետ հենց հայ գերիների հարցը օրակարգում ընդգրկելու առաջարկին: 

Ավելի կարևոր է այն, որ Հայաստանում վերադարձել են հին, բարի ժամանակները, երբ մուննաթ են գալիս ամբողջ աշխարհի վրա, նեղանում, ամոթանք տալիս, խելք են սովորեցնում, ռուսներին բացատրում են, թե ոնց պետք է անել:

Ու ոչ ոք չի ուզում հարց տալ. իսկ ինչո՞ւ են ռուսները դեմ քվեարկել: Իսկ գուցե խնդիրը ոչ թե ռուսների, այլ մե՞ր մեջ է: Ռուսները երբեք ոչ մեկին իր սիրուն աչքերի համար լավություն չեն անի: Ինչպես և Անգլիան, Ամերիկան ու ցանկացած նորմալ պետություն, որն առաջնորդվում է իր շահերով: Գուցե Ռուսաստանը խիստ կարևորում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններն ու չի ցանկանում դրանք փչացնել հայ գերիների հարցում Հայաստանին աջակցելով: Հնարավոր է, որ Ռուսաստանը հայ գերիների հարցը մանրադրամ է դարձրել՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ պարզելու համար: 

Դա վատ է, բայց դա քաղաքականություն է: Դարերով ձևավորված քաղաքականություն, որն իրականացնում են պետությունները: Օրինակ՝ մեր իշխանությունները, որքան էլ քյալլագյոզ լինեն, հաստատ միջազգային կառույցներում կողմ չեն քվեարկի հարևան Իրանի դեմ ուղղված որևէ բանաձևի, առաջարկի: Անկախ նրանից, թե ինչ հարց է, ճիշտ առաջարկ է, արդար է, որովհետև Իրանի հետ հարաբերությունները մեր համար ստրատեգիական նշանակություն ունեն:

Նույնն էլ Ռուսաստանն է անում: Բայց նրանց դիրքորոշումը ցույց է տալիս ոչ թե նրանց նենգությունը, այլ մեր թուլությունը, միջազգային հարաբերություններում պետության հեղինակության կամ արտաքին ճիշտ քաղաքականություն վարելու ունակության բացակայությունը:

Այսօր ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանը, որ նրա համար գերտերությունները գլխացավանքի մեջ ընկնեն: Եթե նույնիսկ այդ գերտերությունը մեր դաշնակիցն է: Թույլ և բզկտված երկիր, որին ոչ ոք բանի տեղ չի դնում: Ռուսաստանը միայն Թուրքիայի հետ մի քանի տասնյակ միլիարդ դոլարի համատեղ տնտեսական ծրագրեր է իրականացնում, իրեն շատ պե՞տք են մեր դարդերը: Մեր ասածը շատ դաժան է հնչում, ցինիկ, բայց սա իրականությունն է, որին մենք բախվում ենք և դեռ կբախվենք, քանի դեռ քաղաքական դաշտում պետության շահի մասին ոչ ոք պատկերացում չունի, քանի դեռ բոլորը իշխանության կռիվ են տալիս: Եթե մենք չենք մեր երկրին տիրություն անում, Ռուսաստանը ինչո՞ւ պիտի անի: 

Պետության ղեկավար ունեինք, որը դեռ քառորդ դար առաջ էր ասել. ախպեր ջան, մոլորության մեջ մի ընկեք, Հայաստանն այս աշխարհում ոչ մի դաշնակից չունի, մեր միակ դաշնակիցը մեր խոհեմությունն է, սառնասրտությունը, իրերին սթափ նայելու ունակությունը: Աքսիոմատիկ ճշմարտություններ են, բայց դե՝ սրանց մի ականջով մտնում, մյուսով դուրս է գալիս: Բա որ քաղաքականության տարրական այբուբենին չեք տիրապետում, դուք ո՞նց կարող եք գերիների հարց լուծել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   674 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ