«18 թվականի սցենարների մասին տարբեր վարկածներ կան՝ ընդհուպ մինչև փոխադարձ պայմանավորվածության հնարավորության մասին, բայց փաստ է, որ Սերժ Սարգսյանն իրեն չպահեց Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի նման։ Լևոնի դեմ մեծ ցույցեր էին լինում, իրեն այնպես էր պահում, ինչպես հիմա Լուկաշենկոն։ Եվ իր հրաժարականն արդեն նրա հետ էր կապված, որ աշխարհը, Արևմուտքն արդեն իրեն չէին ճանաչում։ Իսկ այդ «հայտնի ուժեր», Վազգեն, ճնշում՝ սրանք բոլորը հեքիաթներ են, որ ձեռնտու են բոլորին։ Հիմա․ ինչու Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և ինչու, օրինակ, Ռադիոյի տան վրա հարձակումից հետո իրեն էդպես պահեց, երբ ողջ աշխարհը կարող էր իրեն արդարացնել՝ էդ միայն ինքը կարող է բացատրել»։
Մեգավերլուծության հեղինակը Պարույր Հայրիկյանն է:
«ՉԻ». Քաղաքական վերլուծության տեսանկյունից Հայրիկյանի մտքերը վաղուց հետաքրքրություն չեն առաջացնում: Անդրադառնալու պատճառն ավելի շատ այն է, թե ինչպես Սերժ Սարգսյանը կարողացավ խորհրդային հայտնի դիսիդենտից միջին երիտհանրապետական ստանալ: Սովորաբար, նման վերլուծություններ անում են նրանք՝ խառնելով փաստերը, իրողությունները և օգտվելով էժանագին մանիպուլյացիաներից:
Սերժ Սարգսյանը ուժով իշխանություն պահել է: 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններին նրա մասնակցությունը հաստատ ոչ պակաս էր, քան Ռոբերտ Քոչարյանինը: Եվ միայն հայրենի դատախազության մտքով կարող էր չանցնել նրան այս դրվագով մեղադրանք ներկայացնել:
Բելառուսի ներկայիս զարգացումների և 1996 թվականի միջև զուգահեռներ անցկացնելու համար երևակայություն ունենալը քիչ է: Պետք է նաև, որ սլավոնական արտաքինով մեկը գլխին խփած լինի: Մեկ ամիս է, ինչ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել Բելառուսի փողոցներ, սակայն ոչ մեկի մտքով չի անցնում գրոհել պետական որևէ հաստատության վրա: Իսկ Հայրիկյանը և ընկերները գրոհեցին խորհրդարանի շենքը, ծեծեցին խոսնակին և նրա տեղակալներին՝ առանց սպասելու ընտրությունների վերաբերյալ պետական մարմինների ամփոփիչ հայտարարություններին:
Չգիտենք, թե ինչ երազ է տեսել Հայրիկյանը, բայց որևէ միջազգային կառույց չդատապարտեց ցուցարարների մուտքը Ռադիոտուն: Իսկ չդատապարտեց, որովհետև աշխարհը գիտեր, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ ղեկավար չէ և իշխանության է եկել Մարտի 1-ի գնով: