Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը նախկինում համաձայնություն էր տվել, որպեսզի «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը վաճառվի Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ» ընկերությանը, հիմա էլ դեմ է արտահայտվել գործարքին: Հարցը քննարկվելու է այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կայանալիք նիստում:
«ՉԻ». Սա արդեն ոչ թե գործարք է, այլ անեկդոտ: 10 ամսվա մեջ մեր պետությունը երեք անգամ հայտնել է իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ:
Անցած տարվա ապրիլին դեմ էր արտահայտվել գործարքին:
Նոյեմբերին հանկարծ ու կողմ էր արտահայտվել: Պաշտոնապես ՀԾԿՀ-ն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կողմ էին, որ «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը վաճառվի կապի ոլորտում ինչ-որ անկապ ընկերության:
Հիմա նորից դեմ են:
Երևի սրանց դիրքորոշումները ցիկլային բնույթ են կրում: Կամ էլ կախված են եղանակից: Եթե դրսում արև է, դեմ են, եթե անձրև է գալիս, կողմ են: Ու խոսքը ինչ-որ հավաբնի վաճառքի մասին չէ, այլ Հայաստանում բջջային կապի խոշորագույն օպերատորի:
Սա այսօրվա պետության լրջության մասին է խոսում: Ավելի ճիշտ՝ անլրջության:
Հաջորդ ցիկլը ապրիլին է: Էլի դեմ կարտահայտվեն, քանի որ մառախուղ է սպասվում: