...

Երբ չես կարող մեղքը գցել նախկինների վրա

Երբ չես կարող մեղքը գցել նախկինների վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտնել է, որ Սյունիքում զորքերի հետքաշման հրաման տվել է ինքը, սակայն այդ որոշումը կայացվել է՝ ռազմական գործողություններից խուսափելու, ստրատեգիական նշանակության ճանապարհն առնվազն ինչ-որ ժամանակ չկորցնելու նկատառումով. «Եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսվելու: Եվ իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ: Մենք դրանից տասնյակ կմ-եր առաջ էինք կանգնած, ցավոք սրտի, եկել, հասել ենք այդտեղ»:

«ՉԻ». Երեկ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Արցախի տարածքների 72 տոկոսը կորցրել ենք, քանի որ նախկին իշխանությունները դրանք այն ժամանակ սակարկությունների առարկա էին դարձրել: Այսինքն՝ ոչ թե ինքն է իր ստորագրությամբ հանձնել այդ տարածքները, այդ թվում՝ տարածքներ, որոնք երբեք սակարկության առարկա չեն եղել, այլ նախկինները:

Լավ, ընդունենք, թե նախկինները մեղավոր են, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայի ակտ է ստորագրել: Բա Հայաստանի տարածքնե՞րն ինչի չես պաշտպանում: Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում գոնե մի տող կա՞, որ Ադրբեջանը պետք է գա, Գորիս-Կապան ճանապարհը փակի: Որևէ տող կա՞ այն մասին, որ Վերին Շորժայից մինչև Փայլասար, ամեն տեղ պիտի դիրքերը առաջ բերի: Դա էլ հո նախկինների սակարկության առարկա չի՞ եղել: 

Կամ՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրում նշվա՞ծ էր, որ Հայաստանն իրավունք չունի իր իսկ սահմաններն ամրացնել: Ինչի՞ պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության սահմանները չես կահավորել: Խրամատներ չես փորել, ինժեներա-տեխնիկական կահավորումով չես ապահովել: Ոչ մի բան չի արել Փաշինյանը: Եթե սահմաններն ամրացված լինեին, ադրբեջանցիները մեր տարածք չէին մտնի: Տեսել են՝ անտեր ու դուրս տարածքներ են, առաջ են եկել: Զինվորներին տարել, գցել է չոլերը՝ ադրբեջանցիների նշանառության տակ, ու այդպես թողել:

Այսինքն՝ եթե հիմա Ադրբեջանը որոշի զորքեր մտցնել Երևան, Փաշինյանը պիտի ասի՝ դե, ավելի լավ է զորքերը ետ քաշենք, թե չէ ռազմական գործողություններ կարող են սկսվել, մենք խնդիրներ ունենանք: Հիմա որ սուսուփուս, վախվխորած ամեն տեղ զորքերը ետ ես քաշում, որ բախումներ չլինեն, այդ խնդիրները վերացե՞լ են, թե՞ նոր խնդիրներ են առաջացել: Հարցը պատասխան չի ենթադրում, քանի որ ամեն ինչ մեր աչքի առջև է տեղի ունենում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1210 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ