...

Էրդողանի ախորժակը բացվել է

Էրդողանի ախորժակը բացվել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին առաջարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար աշխատանքային խումբ ստեղծել: Այդ մասին Էրդողանը խոսել է Ռուսաստանի նախագահի հետ նոյեմբերի 7-ի հեռախոսազրույցի ընթացքում:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ ձևաչափով աշխատանքները «կարող են սկսվել արդեն առաջիկա օրերին, ինչի արդյունքում կարող է ձևավորվել ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս բանակցությունների այլընտրանքային հարթակ»:

«ՉԻ». Թեպետ ո՛չ Անկարան, ո՛չ Մոսկվան այս պահին պաշտոնապես չեն հաստատում այս տեղեկատվությունը, սակայն կրակն առանց ծուխ չի լինում: 

Ակնհայտ է, որ պատերազմի առաջին իսկ օրից Թուրքիան ջանքեր է գործադրում ավելի մեծ մասնակցություն ունենալ հակամարտության կարգավորման մեջ, քան՝ պարզապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ-երկիր:

Սակայն բացի նրանից, որ Հայաստանը դեմ է լինելու Թուրքիայի նման նկրտումներին, Էրդողանի ցանկությունները չեն արժանանում նաև ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հավանությանը, ինչի մասին այս երկրները դիվանագիտական խողովակներով մի քանի անգամ նշել են:

Բայց մյուս կողմից էլ, բացառված չէ, որ արցախյան պատերազմը դադարեցնելու համար Ռուսաստանը անմիջական երկխոսություն սկսի Թուրքիայի հետ: Բացառված չէ, որ նրանք գան այնպիսի համաձայնության, ինչպիսին Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի կարգավորման դեպքում էր:

Բոլոր դեպքերում, Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Թուրքիան զերծ մնա արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում անմիջական մասնակցություն ունենալուց: Բայց դրա համար անհրաժեշտ է ռազմաճակատում հասնել այնպիսի հաջողությունների, որոնք թուրք-ադրբեջանական տանդեմին կստիպեն իրենց ախորժակը փակել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   482 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ