...

Երեկ Փաշինյանը շատ բան կորցրեց

Երեկ Փաշինյանը շատ բան կորցրեց

Երեկ լրացավ Հայաստանի առաջին նախագահի 75-ամյակը: Հազարավոր հայեր ֆեյսբուքի իրենց էջերում շնորհավորեցին հիմնադիր նախագահին: Լևոն Տեր-Պետրոսյանին շնորհավորեցին Հայաստանի և Արցախի նախագահները: Բայց գործող իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի, հարկ չհամարեցին որևէ կերպ անդրադառնալ:

Երեկ գրվեցին բազում տեքստեր, որոնց մեջ կարմիր թելով անցնում էր երախտամոռության, փոքրոգության և այլ մարդկային արատների թեման:

Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ ոչինչ չկորցրեց, որ նրան չշնորհավորեց Փաշինյանը: Առաջին նախագահին գնահատել են ժամանակակիցները, երբ 80 տոկոսից ավել ձայն են տվել նախագահական ընտրություններում: Եվ դա իշխանություն ունենալուց արդեն մեկ ու մի քանի ամիս անց: Ժամանակակիցները գնահատել և վերարժևորել են Տեր-Պետրոսյանին, երբ նրան ընտրեցին այլընտրանք ռոբասերժական ռեժիմին: Տեր-Պետրոսյանը և նրա թիմն այնպիսի հարվածներ հասցրեցին ռեժիմին, որից նա երբեք ուշքի չեկավ և սպառեց քաղաքական մեթոդներով իշխանության մնալու ռեսուրսը:

Երեկ Տեր-Պետրոսյանը ոչինչ չկորցրեց, բայց եղան գտնողներ ու կորցնողներ: Օգտվեցին այն ուժերը, որոնք կենաց-մահու պայքար են մղում Փաշինյանի դեմ: Շատ գիտակից մարդիկ հիասթափվեցին Փաշինյանի փոքրոգությունից և անհեռատեսությունից: Մղվող պայքարում Փաշինյանն իրեն թույլ տվեց մեծագույն ճոխություն՝ իրենից վանեց գաղափարական պայքարի մեծ փորձ ունեցող լրջագույն ուժի համակիրներին:

Բայց կա էլ ավելի կարևոր նկատառում: Հեղափոխությունն ավելին չէ, քան քաղաքականությունը, հեղափոխությունը դուրս չէ քաղաքական տրամաբանությունից: Իսկ քաղաքականության մեջ անձնական էգոյի չհաղթահարումը լի է վտանգներով, կորուստներով և, ի վերջո, ձախողումներով:

Երեկ մարդիկ հասկացան, որ հեղափոխության առաջնորդը կարող է ստորադասել հեղափոխության շահերը՝ չկարողանալով հաղթահարել նեղ անձնական հակակրանքները:

Երեկ Փաշինյանն իրեն պահեց այն թագավորների պես, որոնք օտար զավթիչների դեմ պայքարում չցանկացան օգտվել մյուս իշխանների բանակներից: Ինչ է, թե կան անձնական խնդիրներ:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4627 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ