Քոչարյանի աջակից Վահե Եփրիկյանը Նիկոլ Փաշինյանի անունից գրառում է արել. «Քոչարյան ասելիս ծնկներս ծալվում են, չգիտեմ ինչո՞ւ է այդպես»:
«ՉԻ». Մեծ հաշվով իշխանությանը հասնում է, որ մեծ ու փոքր աջակիցները լկտիացել են: Նրանք այժմ պետք է միայն մեկ պահանջ ունենային՝ լավացնել դատապարտված Քոչարյանի բանտային պայմանները:
Բայց հետաքրքիր է նաև աջակցի տրամաբանությունը: Փաստորեն, ըստ երիտասարդի, Քոչարյանի ծնկները ծալվում էին բոլոր 100-ից ավելի քաղբանտարկյալների անունները լսելիս: Այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի:
Աջակիցը թերևս տարիքի պատճառով տեղյակ չէ, թե ամեն անգամ Քոչարյանի ծնկներն ինչպես էին ծալվում, երբ Վազգեն Սարգսյանը ջղայնանում էր նրա վրա:
Աջակիցը թերևս մոռացել է, որ ամիսներ առաջ Քոչարյանը պատրաստ էր ժամանակ առ ժամանակ հեռացնել մարմնի որևէ օրգան, միայն թե խուսափի դատավարությունից:
Աջակիցը թերևս մոռացել է, որ հասուն տղամարդը պատրաստ է մեկ այլ տարիքով անձնավորությանը սեր բացատրել, միայն թե նրանից շնորհավորական բացիկ ստանա:
Աջակիցը մոռացել է, թե ինչպես իր կուռքը ճողոպրեց սեփական հյուրանոցից, միայն թե չհանդիպի մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիների, որոնք ցանկանում էին ներկա լինել նրա ասուլիսին և մի քանի հարց տալ նրա փառապանծ իշխանության տարիների մասին: Միայն կարելի է ենթադրել, թե փախչելիս քանի անգամ ծալվեցին նրա ծնկները: