...

Երկիրը բոքսի տանձ սարքեցին

Երկիրը բոքսի տանձ սարքեցին

Ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է. «Այս իրավիճակից միայն մեկ ճիշտ ելք կա` անարյուն իշխանափոխություն: Վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարական, նախարարների անցումային կաբինետի ձևավորում և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, որոնց ժամանակ Հայաստանի քաղաքացիները նոր իշխանություն կընտրեն:

Մենք պետք է ամենակարճ ժամկետներում սկզբունքորեն նոր օրակարգ ձևավորենք Հայաստանի զարգացման համար: Իրատեսական ճանապարհային քարտեզ ստեղծենք մեր տնտեսության վերականգնման համար: Որոշենք երկրի արտաքին քաղաքականության ճիշտ վեկտորը` հաշվի առնելով տեղի ունեցած իրադարձությունների փորձը»:

«ՉԻ». Արդեն մի երկու-երեք շաբաթ կլինի, որ ընդդիմության ֆեյսբուքյան ակտիվիստները սփյուռքահայերի վրա պարբերաբար մուննաթ են գալիս, որ նրանք իրենց կոչերը, խորհուրդները, Հայաստանի ներքաղաքական հարցերի վերաբերյալ կարծիքներն իրենց պահեն: Որ իրենք չպիտի խառնվեն Հայաստանի ներքին գործերին: 

Բայց նույն հաջողությամբ, նույն ակտիվիստները հիմա տարածում են Սամվել Կարապետյանի հայտարարությունը: Հայտարարության տակ չեն գրում, թե ինչի՞ ես խառնվում Հայաստանի ներքին գործերին, չեն փնովում: Ինչո՞ւ:

Որովհետև Սամվել Կարապետյանը ռուսաստանցի գործարար է: Ավելին, ասում են (սա մեր մեջ մնա, մարդու չասեք)՝ ինքը Կրեմլի հետ կապեր ունի, հետները քիպ ա: Դե, դա արդեն ուրիշ խոսակցություն է: Քանի որ այստեղ ռուսական խաղաղապահ ուժերն են մտել, ուրեմն՝ ռուսաստանցի ցանկացած գործարարի խոսքը Հայաստանում «ասնավանի» է: Նշանակում է, հայրենասեր մարդ է: Թեկուզ դրսից, բայց հայրենասեր: 

Ու էս մեր ընդդիմությունը, որն իրեն համարում է հայրենիքի փրկության եսիմինչ, անկախության վերականգնման մարտիկներ և այլն, Սամվել Կարապետյանի բարևին արժանանալու համար օրերով հաստատ չի քնի:

Եթե ֆրանսիական խաղաղապահ ուժերն այստեղ մտած լինեին, այս նույն ուժերը անխնա կտարածեին որևէ ֆրանսահայ գործարարի հայտարարությունը, մինչև գետին կխոնարհվեին նրա առաջ:

Իսկ եթե ամերիկյան խաղաղապահ ուժեր լինեին... պաաա՜, նույնիսկ չենք պատկերացնում, թե Սորոսի գրասենյակի առջև ինչ հերթեր կլինեին: Սորոսական լինելը ամենամեծ պատիվը կլիներ սրանց համար: 

Ոչ մի թասիբ, ոչ մի արժանապատվություն, բոշայի պես այստեղից-այնտեղ թռնելով, սրա-նրա տակը մտնելով, համոզելով, որ իրենք են արժանի գուբերնիա ղեկավարել, տիրություն անել: 

Այ էս օրը Հայաստանը գցեցին իշխանությունները: Նիկոլն ու իր թիմը 2,5 տարում անկախ երկիր սարքելու փոխարեն Հայաստանը դարձրին բոքսի տանձ, որ ով հասնում է, բոքսում է: Դռան փալաս, որ ամեն մեկը վրան կոշիկները մաքրում է: Ու այսքանից հետո դեռ հպարտությունից են խոսում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1309 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ