«Առկա իրավիճակը հաշվի առնելով, կարծում եմ՝ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի:
Համենայնդեպս այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ: Համաձայն մեր քաղաքացիներից ստացած մանդատի, մեր կառավարությունը պատրաստվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մեր տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը ապահովելու համար: Մեր կառավարությունը գործելու է Հայաստանի քաղաքացիներից ստացած մանդատին համապատասխան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
«ՉԻ». Այն, որ իշխանությունները աջուձախ «էստի համեցեք» են հայտարարում՝ բոլորին հրավիրելով պաշտպանել Հայաստանի սահմանները, գաղտնիք չէ: Հերթով հրավիրելու են. հիմա որը կպնի, կպնի: Ճիշտ է, առայժմ ոչ ոք չի այրվում մեր սահմանները պաշտպանելու գաղափարից: Ֆրանսիայի դեսպանը դուռը փակում է, պատուհանից են ներս մտնում, ասում՝ մի բան արեք:
Ռուսաստանն էլ Նիկոլ Փաշինյանի այս առաջարկի վերաբերյալ այսօր՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի շուրթերով ընդամենը մի բան է ասել. «Այժմ Երևանի և Բաքվի հետ շփումներ են ընթանում պայմանավորվածություններն իրականացնելու համար»: Սովորական լեզվով թարգմանած, սա նշանակում է. եղբայր, բան ենք պայմանավորվել, դրանք կատարի, անցնենք առաջ: Թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, հերձումը ցույց կտա: Մարդ վախենում էլ է ինչ-որ կանխատեսումներ անի:
Բայց մեր ուշադրությունն այլ բան գրավեց. որ Փաշինյանն իր խոսքում երկու անգամ հատուկ ընդգծում է. «քաղաքացիներից ստացած մանդատին համապատասխան»: Կարծես հատուկ ջիջիլ է գցում: Թե ում՝ չգիտենք: Ոնց որ ասի՝ լավ եմ անում, մանդատ եմ ստացել, անում եմ: Թեպետ դա ոչ Պուտինին է հետաքրքրում, ոչ էլ՝ Ալիևին, կամ ընդհանրապես՝ միջազգային հանրությանը: