...

Եվրոպայի հույսն այստեղ է

Եվրոպայի հույսն այստեղ է

Մեղրիի համայնքապետի պաշտոնակատար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արարատ Թումանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հիմա որևէ ձևով աջակցություն ստանո՞ւմ է Փաշինյանից, ասել է. «Ես պարոն Փաշինյանի կողմից միայն էներգետիկա եմ ստանում, թեկուզև միայն հեռուստացույցից»:

«ՉԻ». Հիմա ամբողջ Եվրոպայում էներգետիկ ճգնաժամ է: Ռուսաստանի հետ էնքան արիշ-վերիշ արեցին, քթները ցցեցին, մնացին առանց գազ ու հիմա սառում են: Գազի գինն էլ թռել է մինչև 1000 դոլար: Դրանց կոմունալ ծախսերի թվերը նայում ես... Հայաստանից չես ուզում տեղ գնալ:

Խեղճերը մնացել են շվարած: Մի քիչ քամու էլեկտրակայաններն են հոսանք տալիս, մի քիչ արևից են էներգիա ստանում, բայց դա չնչին թիվ է: 

Բա ի՞նչ անեն: Այսինքն՝ ո՞նց թե ինչ անեն: Թող մեր հետ ընկերություն անեն: Հայաստանում այժմ այլընտրանքային էներգետիկայի համարյա անսպառ աղբյուր է հայտնվել: 

Եվրոպական բոլոր հեռուստաընկերությունները պետք է օրը 24 ժամ հեռուստացույցով ցուցադրեն Նիկոլ Փաշինյանին: Մինչև 1000 մեգավատտ հզորության ելույթներ է ունենում, ու ամբողջ էներգետիկան հավայի կորում է: Պիտի հեռուստացույցները դնեն գեներատորների առջև, միացնեն Նիկոլի ելույթները ու այդ էներգետիկան փոխակերպեն էժան էլեկտրաէներգիայի: 

Միանգամից Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը կլուծենք, իրենց աչքը կմտնենք, կախվածությունը Ռուսաստանից կթուլացնենք, ամբողջ աշխարհին նիկոլակայաններ կմատակարարենք, Ադրբեջանի նավթից բոլորը երես կթեքեն, ու Ալիևը նախանձից կմեռնի: Էներգետիկ ապագա կա, կա էներգետիկ ապագա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   655 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ