...

Գարգանտյուայի ժառանգները

Գարգանտյուայի ժառանգները

ՔԱՌՈՒՂԻՆԵՐ

Ես իսկապես չեմ սխալվում, մենք պատմություն չունենք: Բացատրեմ. պատմությունն այն է, ինչ ուսումնասիրում են միջնակարգ դպրոցի 5-ից 10-րդ դասարաններում: Իսկ մեր պատմությունը գերազանցապես այն է, ինչ ուսանում են 4-րդ դասարանում: Առարկան, եթե չեմ սխալվում, կոչվում է «Պատմվածքներ հայ ժողովրդի պատմության էջերից»: Ասածս բնավ էլ կշտամբանք չէ մեր պատմիչների հասցեին, որոնց մեծ մասը իրենց ժամանակներին համահունչ յուրովի օբյեկտիվ պատմություն էին գրում: Այլ հարց է, թե ինչպես էր հետո թլպատվում-կռտվում այդ պատմությունը: Հարցը միայն ակադեմիական հետաքրքրություն չի ներկայացնում: Բանն այն է, որ պատմության այլասերումն այլասերում է նաև ներկան և տխուր նախադրյալներ է ստեղծում ապագայի համար:

Եվրոպական ճանապարհորդներից մեկը պատմում էր, թե ինչպես Արևմտյան Հայաստանի գյուղերից մեկում տեղի քահանան Խորենացու «Պատմությունը» կարդում էր որպես աղոթք: Հայ մեկնաբանն այդ առիթով նշում էր, թե ինչպիսի կրթված և գրասեր ժողովուրդ ենք մենք: Իրականում մեր ժողովուրդն ընկնում էր Ռաբլեի Գարգանտյուայի վիճակի մեջ, որը կրթվելով ապաշնորհ ուսուցչի մոտ, ինչքան կարդում էր, այնքան՝ բթանում: Ընթերցողին դատարկաբանությամբ չձանձրացնելու համար բերենք մի քանի օրինակ Հայոց հին և նոր պատմությունից:

Եկեք, այնուամենայնիվ, սկսենք Մովսես Խորենացուց: Խոստովանենք, որ ծերուկը բավականաչափ սթափ էր մտածում, թեև ժառանգները հաջողացրեցին աղավաղել նրան: Օրինակ, Արտաշեսի կնոջ՝ Սաթենիկի առումով Խորենացին գրում էր, որ նա դավաճանել է ամուսնուն վիշապների հետ: Խորենացին ասում էր, որ վիշապներ գոյություն չունեն և դա ընդամենը թագուհու հանցավոր համաձայնությունն էր Հայաստանում բնակվող մարերի՝ Պարսկաստանի հինգերորդ շարասյան հետ: Թեև Խորենացին այս ամենը բավականաչափ պարզ էր բացատրել, սակայն պատմիչների հետագա սերունդները, չգիտես ինչու, այս ամենը մոռացան: Մոռացան այն պարզ պատճառով, որ նշված իսկապես տխուր պատմությունը, որտեղ միահյուսված են որպես ռազմավար թշնամուն կնության տրված կնոջ անձնական ողբերգությունն ու պետական շահը, չէր տեղավորվում սև-սպիտակ շաբլոնի մեջ:

Սակայն այս օրինակն ավելի շատ բարոյական հարթության մեջ է: Կան օրինակներ, որոնք վկայում են հանուն շաբլոնի պատմության իրական զեղծարարության մասին: Ցայտուն է Պապ թագավորի օրինակը, որի կերպարը 1700 տարի շարունակ հետևողականորեն սևացվում էր լոկ այն պատճառով, որ նա ցանկանում էր ստեղծել մի պետություն, որն անկախ լիներ և Հռոմից, և Պարսկաստանից, պետություն, որտեղ բոլորը հարկեր կվճարեին: Արդյունքում՝ Պապին անիծեցին համեմատաբար թեթև պարսկական հարկային դաշտ ձգտող նախարարները և դեպի Բյուզանդիա հակված հոգևորականությունը: Վերջնական եզրակացությունն այն էր, որ Պապ թագավորը չար էր, նենգ, խելագար, դիվահար և բոլ-բոլ վատ արարքներ էր գործել, որոնց մեծ մասն այսօր էլ նախատեսված է գործող քրեական օրենսգրքով: Այս պարագայում թագավորի սպանությունը Հայաստանի պաշտոնական (ուրիշը չկա և չգիտենք՝ արդյո՞ք եղել է) պատմագրության կողմից մեկնաբանվում էր, մեղմ ասած, ներողամտորեն:

Կցանկանայի պատմել նաև Վարդանանց պատերազմի մասին և այն մասին, թե ինչպես պախարակեցին Վասակ Սյունուն, որ 1500 տարվա ընթացքում ընդամենը երկու պատմաբան՝ Գարագաշյանն ու Ադոնցը փորձեցին պաշտպանել Հայոց մարզպանին: Կցանկանայի, բայց ես էլ եմ վախենում, որ ճշմարտություն ասելիս ինձ մեղադրեն սրբապղծության մեջ:

Այնուամենայնիվ, ընդամենը ի՞նչ է պետք: Ընդամենը պետք է պատմությունը չներկայացնել որպես հեքիաթ նախադպրոցական տարիքի երեխաների համար, որտեղ կան չար և բարի հերոսներ և որտեղ չար քեռիները անպատճառ պատժվում են գրքի վերջին էջերում: Այս իմաստով չեմ կարող զսպել գայթակղությունս և չպատմել Կարսի գրավման մասին:

Դժվար է նկարագրել հայ պատմիչի ոգևորությունը, երբ նա պատմում է թուրքերի կողմից Կարսի ավերման մասին: Հոգևորական պատմիչը չէր սիրում առևտրականներին և այդ պատճառով Արևելքի հարստագույն քաղաքներից մեկի ավերման փաստն արժանացրեց դրական գնահատականի: Ասաց, թե «կարսեցիներն անբարտավան էին, շահամոլ և...»: Ընթերցողը կարող է հետաքրքրվել, թե ինչու եմ պատմում այս պատմությունները: Շատերը նույնիսկ կհետաքրքրվեն, թե արդյո՞ք չեմ շփոթել հասարակական-քաղաքական շաբաթաթերթը պատմա-բանասիրական հանդեսի հետ: Բայց ոչ, այս ամենը շարունակվում է: Սկզբում ասում էին՝ դաշնակները բոբո են, բոլշևիկները՝ պուպուշ, հետո դաշնակները դարձան պուպուշ, իսկ մնացած բոլորը՝ բոբո:

Այժմ բոբոն նախկին իշխանություններն են: Եվ ժողովրդին արդեն չեն էլ ասում, թե ինչու են բոբո նախկինները, ինչու են պուպուշ ներկաները: Մի՞թե 5000 տարվա պատմություն ունեցող ազգի համար դա էական է: Չէ՞ որ մեզ այսպես թե այնպես Գարգանտյուայի ճակատագիրն է սպասվում՝ կարդալ և բթանալ:

Դ. Գրիգորյան

Հ. Գ. Բնավ չեմ պախարակում հայ պատմիչներին: 1500 տարի առաջ և ժամանակներն էին ուրիշ, և արժեքները, և մտածելակերպը: Բայց մի՞թե 1500 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել, դեռ մի բան էլ վատացել է:

«Չորրորդ իշխանություն», թիվ 218, հունիսի 15, 2001 թ.

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   652 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ