Նախկինները ներկաների դեմ պայքարում են հնարավոր բոլոր ճակատներով՝ օգտագործելով բոլոր խաղաքարտերը. Արցախ, բանակ, կորոնավիրուս, կադրային քաղաքականություն, պարգևավճարներ, սոցիալական վիճակ, դատավարություններ, Ռուսաստան՝ բացարձակ ընտրություն չկատարելով գործիքակազմի մեջ:
Քի Վեսթ ու Կազան ստորագրածները խոսում են Արցախը վաճառելու մասին: Բանակը թալանածները և գոմեշի միս մատակարարածները հեգնում և անկարևոր են համարում բանակի սնունդի բարելավումը: Սովորական գրիպի համաճարակի կառավարումը տապալածները մեղադրում են կորոնավիրուսը կառավարել չկարողանալու մեջ: Մանվել, Շմայս, Թոխմախ, Չոռնի Գագո, Տամոժնու Գագիկ, Քեթրինի Միհրան և այսպիսի բազմաթիվ պաշտոնյաներ ունեցած իշխանությունը մեղադրում է մեկ ուրիշին կադրային քաղաքականությունը տապալելու մեջ: Իրենց պաշտոնյաների կեսից ավելին մեղադրվում է կոռուպցիայի մեջ, հայտնի է, որ տարիներ շարունակ նրանք աշխատավարձ են ստացել ծրարներով, բայց մեղադրում են պարգևավճարներ ստանալու մեջ՝ անընդհատ թվեր գումարելով, բազմապատկելով և հանրությանը սխալ տեղեկատվություն ներկայացնելով: Մինչդեռ փաստ է, որ բյուջի եկամուտները ավելացել են 1 միլիարդ դոլարից ավել գումարով: Այսինքն՝ 500 միլիարդ դրամով: Փաստ է նաև, որ բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 1 միլիարդ դրամ: Եվ ուրեմն՝ մուտքագրված գումարների մեկ հինգհարյուրերորդ մասը: 40 տոկոս աղքատությունը որպես ժառանգություն թողած իշխանությունը սկսել է մտահոգվել մարդկանց սոցիալական վիճակով: Իսկ այն, որ մինչև ճգնաժամը այդ թիվը սկսել էր կամաց-կամաց նվազել, «մտահոգների» համար բավարար չէր: Հազարավոր մարդկանց ապօրինի դատապարտած, նրանց ունեցվածքը խլած, և ներկայումս ՄԻԵԴ-ում դրանց անօրեն լինելու մասին արդեն ապացուցված հետագիծ ունեցող իշխանությունը վայնասուն է բարձրացրել այդ ամենի հեղինակների դեմ դատական հետապնդման մեղմիկ քայլերից: 90-ականներին Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությունը վասալային հարաբերությունների վերածածները սկսել են հրճվել, երբ որևէ ռուսաստանցի պաշտոնյա որևէ անհաճո բան է ասում Հայաստանի վերաբերյալ:
Եվ իհարկե այս բոլոր մեղադրանքներն արժանանում են հակադարձման: Բայց կա քննադատության մի ուղղություն, որտեղ գործող իշխանությունը պարտվում է, իսկ հասարակության մեջ հակաքարոզչությունը լուրջ արմատներ է գցում: Խոսքը տարատեսակ կոնվենցիաների վավերացման մասին է: Ներկայացվում է, որ հիմա մի ուրիշ կարգի զարկ է տրվում սեռական ամենաթողության քարոզին և նրա պրակտիկ կիրառմանը: Իհարկե, իշխանությունները այստեղ էլ են փորձում հակադարձել, թե ձեր օրոք են դրանք ստորագրվել: Ի պատասխան ասվում է, որ ստորագրել դեռ չի նշանակում վավերացնել և տալ օրենքի ուժ: Մի կողմ թողնենք, որ այդ կոնվենցիաների վավերացումները թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների օրոք մնալու են թղթի վրա: Այդպիսին է մեր իրականությունը և դեռ երկար է այդպիսին մնալու:
Ինչ են ասում նախկինները, երբ նրանց հիշեցնում են, որ իրենք են ստորագրել: Այո, ստորագրել ենք, բայց չէինք վավերացնելու: Ավելի պարզ լեզվով ասած՝ գցելու էինք միջազգային գործընկերներին: Ինչպես և որքան ժամանակ էին գցելու՝ չեն մանրամասնում: Եվ այստեղ առաջանում է գլխավոր նկատառումը: Ընդունենք գցելու էիք, ընդունենք, որ այդքան դուխով էիք, այդ դեպքում ձեր այդ հմտությունները ինչո՞ւ չկիրառեցիք, օրինակ, «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի ժամանակ: Գցեիք ռուսական կողմին: Կամ Գազպրոմին գցեիք և չվերադարձնեիք անհայտ պայմաններում առաջացած 300 միլիոն դոլար պարտքը: Թե գցելու հմտություններն արթնանում էին միայն եվրոպացիների հետ հարաբերությունների ժամանակ, իսկ ռուսների դեպքում մոռանում էիք ձեր էությունը:
Շատ դժվար է կարճ ժամանակահատվածում հասարակության մեջ կոտրել դարերով արմատավորված կարծրատիպերը, բայց անհրաժեշտ է և հնարավոր դիմակազերծել այս զգայուն թեմաներով քաղաքական շահարկումներ բանեցնողներին:
Արիս Վաղարշակյան